Շագանակագեղձ. տղամարդու երկրորդ սիրտը

2021/05/31

Այս արտահայտությունը բազմիցս օգտագործվում է ուրոլոգների կողմից` բնութագրելու այս օրգանի ինչպես կենսաբանական, այնպես էլ սոցիալական դերը տղամարդու կյանքում: Շագանակագեղձը գտնվում է միզապարկի տակ ՝ շրջապատելով նրա պարանոցն ու միզուկի սկզբնական հատվածը: Սերմնածորանները բացվում են հետին միզուկի մեջ, ինչը ծառայում է նաև սերմնահեղուկի արտահոսքին: Շագանակագեղձն ունի գեղձային ֆունկցիա, հետևաբար, այդ միջոցով նաև սերմի նոսրացումն է ապահովում: Առողջ շագանակագեղձն ապահովում է նաև տղամարդու վերարտադրողական կարողությունը։ Ֆրուկտոզայի, ցինկի ցիտրատի և այլ տարրերի արտադրության շնորհիվ ապահովում է սերմնաբջիջների սնուցումն ու կենսունակությունը։

 

Շագանակագեղձի մեկ այլ կարևոր դերը նրա հորմոնալ կարգավորումն է՝ տեստոստերոնի վերափոխումը կենսաբանորեն ակտիվ ձևի` դիհիդրոտեստոստերոնի։ Վերջինս կարևոր դեր է խաղում տղամարդու առական սեռական զարգացման համար, դեմքի մազակալման, ձայնի հաստացման և այլն։

 

Շագանակագեղձն իր անատոմիական տեղակայության, ակտիվ հորմոնալ և գեղձային ֆունկցիայի, ինչպես նաև տարբեր վարակների պատճառով հաճախ է ախտահարվում։ Իսկ այս հիվանդությունները կարող են հանգեցնել անպտղության, էրեկտիլ դիսֆունկցիայի կամ, նույնիսկ, երբեմն կյանքին սպառնացող վիճակների։

 

Յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում անպայման առնչվում է շագանակագեղձի այս կամ այն հիվանդության հետ: Երիտասարդ տարիքում ավելի շատ են հանդիպում շագանակագեղձի բորբոքումը կամ պրոստատիտը։ Միջին տարիքում  (40-50 տարեկան) կարող է զարգանալ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (ադենոմա) կամ քաղցկեղ:

 

Շագանակագեղձի հիվանդությունների ( պրոստատիտ, ադենոմա և քաղցկեղ) ունեն մի շարք ընդհանուր առանձնահատկություններ։ Շագանակագեղձի հիվանդությունների ամենատարածված ախտանիշներն են՝ գիշերամիզություն, անզուսպ միզարձակման ցանկություն, հաճախամիզություն, ցավոտ միզարձակություն, միզարձակման շիթի նվազում, ընդհատվող միզարձակություն, միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն, երբեմն` անմիզապահություն։ Պրոստատիտի դեպքում, բացի վերոնշյալնից, հանդիպում է նաև ցավ` ամորձիներում, սերմի որակի փոփոխություններ,  էրեկցիայի և սերմնաժայթքման խանգարումներ։

 

Երիտասարդները հաճախ չեն կարևորում պրոստատիտի կլինիկական դրսևորումները, չեն դիմում ուրոլոգին, ինչը հանգեցնում է բարդությունների զարգացմանը։

 

Իզուր չի ասվել, որ շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է, քանի որ նրա միջոցով տղամարդը ստանում է սեռական հաճույք, միզարձակման և վերատադրման կարողություն։

 

Տղամարդիկ, մի՛ կորցրեք ձեր երկրորդ սիրտը։