Պրոստատիտը և կանանց առողջությունը (Prostatitis and women’s health)

2021/04/12

Պրոստատիտը շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքումն է: Պրոստատիտով հիվանդանում են 30-50 տարեկան տղամարդիկ: Տղամարդկանց բոլոր ուրոլոգիական հիվանդությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում այս հիվանդությունը։ Տարօրինակ չէ, որ պրոստատիտը հանդիպում է միայն տղամարդկանց մոտ, քանի որ կանայք չունեն շագանակագեղձ: Այնուամենայնիվ, շագանակագեղձի բորբոքումով տղամարդիկ կարող են որոշակի վտանգ ներկայացնել զուգընկերուհու առողջությանը:

 

Պատճառները

 

Շատ հաճախ այս հիվանդությունը կապված է տղամարդու կենսակերպի, նստակյաց կյանքի, ցածր ֆիզիկական ակտիվության, սննդի, ալկոհոլի չարաշահման և ոչ կանոնավոր սեռական կյանքի հետ: Բայց այս գեղձի բորբոքման հիմնական պատճառներն են՝ բակտերիալ վարակները, սեռավարակները, սեռական օրգանների անոմալիաները, վնասվածքները, էնդոկրին և աուտոիմուն հիվանդությունները և այլն: Պրոստատիտը հաճախ ընթանում է առանց ախտանիշների, իսկ երբեմն տղամարդը կարող է իր գանգատներին ուշադրություն չդարձնել կամ վերագրել ընդհանուր ծանրաբեռնվածության, մրսածության, կամ այլ պատճառի: Նման անտեսումը կամ բուժման բացակայությունը կարող է նպաստել շագանակագեղձի քրոնիկ ախտահարմանը։

 

Շագանակագեղձի ֆունկցիաները

 

Շագանակագեղձն ունի սերմը նոսրացնող, վարակազերծող, միզապահության, սերմնաժայթքման ու սեռական հաճույքի ֆունկցիաներ։

 

Ախտանշանները

 

Շագանակագեղձի բորբոքման ախտանշաններն են՝ հաճախակի միզարձակումը, միզարձակման շիթի նվազումը, սեռական ցանկության իջեցումը, վաղաժամ սերմնաժայթքումը, վերցայլքային ցավերը, դիսկոմֆորտը, երբեմն` արյունամզությունը, և այլն:  

 

Բարդությունները

 

Քրոնիկ պրոստատիտը  կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ էրեկտիլ դիսֆունկցիա, սերմնաբշտերի բորբոքում, անպտղություն, շագանակագեղձի կիստաներ, թարախակույտ և այլն։ Տվյալներ կան այն մասին, որ պրոստատիտը կամ կոնքի քրոնիկ ցավային համախտանիշը բերում է անոթային էնդոթելի դիսֆունկցիայի։

 

Պրոստատիտն ու կնոջ առողջությունը

 

Պրոստատիտն ունի անմիջական ազդեցություն տղամարդու սեռական, վերարատադրողական առողջության և կյանքի որակի վրա։ Հետևաբար, այս հիվանդությունը սպառնում է նաև կանանց առողջությանը և կյանքի որակին։ Նախ, սեռական հարաբերության միջոցով որոշ վարակներ ներթափանցում են կնոջ օրգանիզմ` առաջացնելով հեշտոցի և միզուղիների բորբոքում։ Իսկ քրոնիկ պրոստատիտի հետևանքով տղամարդու մոտ առաջացած էրեկտիլ դիսֆունկցիան կամ վաղաժամ սերմնաժայթքումը նույնպես բացասական են ազդում կնոջ սեռական կյանքի և գոհունակության վրա։

 

Ի՞նչ անել

 

Պրոստատիտը բուժվող հիվանդություն է, և այդ բուժման հարցում մեծ է բժշկի դերը, իսկ հիվանդության կանխարգելման համար նույնքան կարևոր է հիվանդի բուժման հետևողականությունն ու ապրելակերպի փոփոխությունը, ինչպես նաև` կնոջ ուշադրությունն ամուսնու առողջության նկատմամբ և նրա քաջալերումն ու հուսադրումը: