Ֆիզիկական վարժությունները կարող են օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը

2019/10/21

Բարձր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները կարող են զգալիորեն օգնել շագանակագեղձի քաղցկեղի բուժմանը: Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բարձրացնում է քաղցկեղով հիվանդների կյանքի որակը, սակայն ուրոլոգ-ուռուցքաբան... Ֆրեդ Սաադը University of Montreal Hospital Research Centre (CRCHUM)-ից, վստահ է, որ սպորտը, դեղերից ոչ պակաս, ուղղակիորեն ազդում է հենց ուռուցքի վրա ու կարող է, իրոք, օգնել հիվանդներին:

Բժիշկ Սաադն իրականացնում է առաջին կլինիկական հետազոտությունը, որը գնահատում է ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածության ազդեցությունը շագանակագեղձի բարձիթողի փուլում գտնվող տղամարդկանց ապաքինման ցուցանիշների վրա:

«Սովորաբար, քաղցկեղի բարձիթողի վիճակում գտնվող մետաստազներով հիվանդները նստակյաց կենսակերպ են վարում, - ասել է բժիշկ Սաադը: - Ընդունված է համարել, որ դրանից քաղցկեղն ավելի է զարգանում: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածություններն ուղղակիորեն ավելացնում են մետաստատիկ ուռուցքներով հիվանդների կյանքի տևողոթյունն առնվազն 22 տոկոսով, այսինքն` 6 ամսով»:

Միջինը շագանակագեղձի մետաստազներով հիվանդները կարող են երկու- երեք տարվա կյանք ունենալ: Նրանց կյանքը ֆիզիկական վարժությունների միջոցով ևս 6 ամսով երկարացնելն այն արդյունքն է, որը համարժեք է նոր դեղի գործածմանը:

Հետազոտոթւյունը միաժամանակ անցկացվելու է Կանադայում, Իռլանդիայում ու Ավստրալիայում: Դրան մասնակցելու են 60 հիվանդանոցներ, որոնք արդեն սկսել են կամավորներ հրավիրել: Ընդհանուր առմամբ, բարձիթողի ուռուցքներով 900 տղամարդ կփորձի քաղցկեղի բուժման վրա ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների ազդեցությունը: