Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա

2022/01/26

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն։

 

Սերմնաբջիջների ցածր քանակ կամ օլիգոսպերմիա։ Դա այն վիճակն է, երբ սերմնահեղուկի մեկ մլ-ում առկա է 15 մլն-ից պակաս բջիջներ։ Օլիգոսպերմիայի պատճառներն են՝ հորմոնալ խանգարումները, հիպերթիրեոզը, հիպոգոնադիզմը, վարակները, ճառագայթումը, թունավոր նյութերը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, գիրությունը և այլն։

 

Վարիկոցելե. սերմնալարի երակների լայնացումն է, որը կարող է առաջացնել սերմի քանակի և որակի փոփոխություն, ինչը տղամարդկանց առաջնային անպտղության մոտավորապես 40%-ի և երկրորդային անպտղության մոտավորապես 80%-ի պատճառ է։

 

Հաճախակի սերմնաժայթքում։  Հաճախակի սերմնաժայթքումը և ձեռնաշարժությունը կարող են հանգեցնել ջրիկ սերմնահեղուկի արտադրությանը: Մեկ սերմնաժայթքումից հետո սերմնահեղուկը դառնում է ավելի ջրիկ և, սովորաբար, պահանջվում է մի քանի  ժամ՝ առողջ և նորմալ բաղադրության սերմնահեղուկ արտադրվելու համար:

 

Հետադարձ սերմնաժայթքում։ Այս դեպքում սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը հետընթաց ճանապարհով շարժվում է դեպի միզապարկ։ Այս պարագայում առնանդամից դուրս եկող քիչ քանակությամբ սերմնահեղուկը ջրիկ տեսք է ունենում:

 

Ցինկի անբավարարություն։ Ցինկը մեծ դեր է խաղում առողջ սերմնաբջիջների արտադրության մեջ: Հետևաբար, ցինկի դիֆիցիտը նույնպես սերմնահեղուկը դարձնում է ջրիկ։

 

Ամփոփում

 

Ջրիկ սերմնահեղուկը կարող է ազդել պտղաբերության վրա, որը հաճախ ժամանակավոր բնույթ է կրում և կարող է ինքնուրույն անցնել: Իսկ սերմնահեղուկի մշտական ջրիկ բնույթը կարող է վկայել ցածր սերմնաբջիջների քանակի, ապրելակերպի գործոնների, սննդանյութերի անբավարարության կամ վարիկոցելեյի առկայության մասին։ Հետևաբար, ջրիկ սերմնահեղուկի դեպքում անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում պատճառականության, բացասական ազդեցության վերացման և պտղաբերության վերականգնման համար։