Տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական դրսևորումները

2017/07/03

Հաճախ տղամարդիկ տարիքի հետ չեն նկատում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրենց օրգանիզմում: Այդ փոփոխություններից են՝ հոգնածությունը, նյարդայնությունը, հիշողության թուլացումը, սեռական ակտիվության նվազումը և այլն: Արտաքնապես տղամարդկանց կլիմաքսը կարող է արտահատվել մաշկի չորությամբ, կնճիռների առաջացմամբ, դեմքի մազածածկույթի աճի դանդաղեցմամբ: Հաճախ են հանդիպում նաև դեպքեր, երբ տղամարդն ավելորդ քաշ է հավաքում որովայնի և գոտկատեղի շրջանների ճարպակալման արդյունքում: Այսպիսով, տղամարդկանց մոտ վերանում է նախաձեռնողականությունը, ֆիզիկական և մտավոր ակտիվություն ցուցաբերելու ցանկությունն ու կարողությունը, և նրանք դադարում են մանագիտական և հոգևոր աճ գրանցել:

 

Այս շրջանում, երբ սկսվում են արտահայտվել տղամարդկանց կլիմաքսի հոգեբանական կողմերը, հնարավոր է.

 

  • նորությունների դժվարությամբ  յուրացում,
  • հիշողությանը և ուշադրության կենտրոնացման թուլություն,
  • անբացատրելի վախի զգացողություն,
  • դեպրեսիա,
  • առատ քրտնարտադրություն:

 

Հարկ է նշել, որ սեռական ֆունկցիաները 50-ից հետո որոշակի փոփոխությունների են ենթարկվում, ինչը կարող է սեփական թերարժեքության զգացողության պատճառ լինել: Նվազում է նաև սեռական ցանկությունը, առավոտյան էրեկցիան, սեռական ակտի տևողությունը: Որպես կանոն, այս տարիքի տղամարդիկ իրենց սեքսուալ հետաքրքրության նվազումն արդարացնում են աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սթրեսներով և ընտանեկան հոգսերով:

 

Տղամարդկանց կլիմաքսն ու տեստոստերոնը

 

Տղամարդկանց մեծամասնությունը նախընտրում է ուշադրություն չդարձնել կլիմաքսի վերոնշյալ նախանշաններին, քանի որ համարում են, որ դրանք անխուսափելի տարիքային փոփոխություններ են։ Նրանք հաճախ ամաչում են այս խնդիրների մասին բարձրաձայնել նույնիսկ մտերիմների հետ։ Շատ կարևոր է իմանալ, որ ծերացման արտաքին դրսևորումներն օրգանիզմի ներքին վիճակի հայելային արտացոլումն են։ Այս տարիքում հաճախ բարձրանում է խոլեսթերինի և շաքարի մակարդակն արյան մեջ, արդյունքում առաջ բերելով աթերոսկլերոզ, շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում։ Ընդհանուր առմամբ, առաջանում է կենսական օրգանների արյան մատակարարման խանգարում և թթվածնային քաղց։

 

Ապացուցված է, որ ծերության նախանշանները տղամարդկանց և կանանց մոտ կապված են հորմոնների մակարդակի իջեցման հետ: Տղամարդկանց կարևորագույն հորմոնի՝ տեստոստերոնի, նվազումն արյան մեջ կլիմաքսի գլխավոր պատճառն է։ Հետևաբար, տեստոստերոնի փոխլրացումը հիմնական բուժման եղանակն է։ Այս բուժումն անհատական է և կարող է ամբողջությամբ լուծել վերոնշյալ խնդիրը տղամարդու մոտ:

 

Եզրահանգում. տղամարդկանց կլիմաքսը գոյություն ունեցող, բայց շատ հաճախ անտեսվող իրողություն է, և դրա հաղթահարումը կախված է հարցի վերաբերյալ գրագետ ու գիտակցված մոտեցումից: