Եթե չես բուժում, մի՛ վնասիր

2017/06/30

Հիպոկրատը ծնվել է 460թ., մ.թ.ա՝ Հունաստանի Կոս կղզում: Նա համարվում է բժշկության հիմնադիրը եւ «նախահայրը»: Նրա նշանաբանն է՝ բուժել մարմինն ամբողջությամբ, ոչ թե՝ մասամբ: Հիպոկրատի երդումը տարածված է ողջ աշխարհում եւ արտասանվում է աշխարհի գրեթե բոլոր բժշկական համալսարանների ավարտական հանդեսներում: Այդ երդման ամենակարեւոր կետերից է՝ «չվնասել հիվանդին»: Հետաքրքիր է, եթե Հիպոկրատը կենդանի լիներ՝ ինչ կասեր այսօրվա բժշկության ուսուցման եւ գործունեության մասին:

 

Հիպոկրատյան բժշկության արժեքների գնահատումը կարող է օգտակար լինել, միաժամանակ ստվեր գցել այժմյան բժշկության որոշ արժեքների վրա: Հիպոկրատի երդումն ուղղված է բժշկի եւ Աստծո, բժշկի եւ նրա ուսուցչի, բժշկի եւ հիվանդի հարաբերությունների կարգավորմանն ու պարզաբանմանը:

 

Հիպոկրատի երդման կարեւոր դրույթներից են՝ բժշկական արվեստն ուսուցանողին համարել ծնողներին հավասար, ուսուցանել բժշկական արվեստն անհատույց, գիտելիքներն ու կարողություններն ի սպաս դնել հիվանդին օգնելուն՝ խուսափելով որեւէ վնասից կամ անարդարությունից, մահացու դեղամիջոցներ կամ ուղիներ ցույց չտալ հիվանդին, բժշկական գաղտնիքը չտարածել…

 

Բժշկագիտությունը հատկապես մեծ փոփոխություն է կրել վերջին տասնամյակների ընթացքում: Սակայն ներկայումս եւս կան Հիպոկրատյան երդման հավատարիմ բժիշկներ եւ միաժամանակ՝ երդմնազանցներ: Վստահորեն Հիպոկրատյան երդման դրույթներն ամբողջությամբ եւ նրա բովանդակ իմաստով ընկալելն ու իրագործելը շատ դժվար է այսօր: Սակայն գոնե նրա միտքն ու հոգին միանշանակ են ընկալվում` բուժել հիվանդին առանց վնասելու. «Եթե չես բուժում, մի վնասիր»: