Ուղիղաղիքային մատնային քննություն (Digital Rectal Examination)

2017/06/30

Ուղիղաղիքային մատնային քննությունը շատ կարևոր է մի շարք մասնագիտությունների, և հատկապես ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար: Այս հետազոտության միջոցով կարելի է տեղեկություն ստանալ ուղիղ աղիքի, շագանակագեղձի և սերմնաբշտերի հիվանդությունների մասին:

 

Ուրոլոգիայում ուղիղաղիքային մատնային հետազոտությունը հատկապես կարևոր է շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման համար: Նախքան պրոստատի սպեցիֆիկ անտիգենի (PSA) ի հայտ գալը` որպես շագանակագեղձի օնկոմարկեր, մատնային հետազոտությունը համարվում էր շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման միակ միջոցը և առայսօր այն ունի մեծ նշանակություն շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման առումով: Ուղիղաղիքային մատնային միջամտությամբ  կատարվում է և արտազատուկի դուրսբերում` միկրոսկոպիկ հետազոտության և պրոստատիտի ախտորոշման նպատակով, ինչպես նաև իրականացվում է շագանակագեղձի մերսում:

 

Ուրոլոգիական պրակտիկայում այս հետազոտությունը պարտադիր է 40 անց բոլոր տղամարդկանց համար: Այն հակացուցված է շագանակագեղձի սուր բորբոքումների և աբսցեսի ժամանակ, իսկ սուր պրոստատիտների ախտորոշման նպատակով հարկ է կատարել շատ մակերեսային:

 

Նախքան ուղիղաղիքային մատնային հետազոտություն կատարելը բժիշկը պետք է հիվանդին տեղեկացնի տվյալ քննության անհրաժեշտության և պատճառի մասին: Այս հետազոտությունը կատարվում է հիվանդի կանգնած, կողքի պառկած կամ չորեքթաթ դիրքերում (արմունկներն ու ծնկները հենած սեղանին):

 

Հետազոտության ժամանակ բժիշկը պետք է ուշադրություն դարձնի ուղիղ աղիքի մի շարք հիվադությունների առկայությանը, ինչպիսիք են` հեմոռոիդալ հանգույցները, ուղիղ աղիքի ճաքը, ուղիղ աղիքի քաղցկեղը, ինչպես նաև հետանցքի սեղմիչի տոնուսի և ռեֆլեքսի վրա:

 

Ուրոլոգը մատնային հետազոտության ժամանակ տեղեկություն է ստանում շագանակագեղձի չափերի, կոնսիստենցիայի, գեղձի մակերեսին լորձաթաղանթի շարժունակության, փափկության և ծփանքի առկայության մասին:

 

Շագանակագեղձի բարորակ գերաճի (ադենոմա) դեպքում արձանագրվում է շագանակագեղձի չափերի մեծացում և էլաստիկ կոնսիստենցիա:

 

Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ գեղձի մակերեսին շոշափվում են կարծր հանգույցներ:

 

Շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) ժամանակ նկատվում է գեղձի փափկություն և տաքություն:

 

Շագանակագեղձի աբսցեսի ժամանակ հանդիպում է նաև ծփանք :

 

Վերջապես, ուղիղաղիքային մատնային հետազոտությունն ուրոլոգիայում պարտադիր է այնքան, և չի կարող կատարվել միայն` «երբ ուրոլոգը մատ չունի կամ էլ հիվանդը` ուղիղ աղիք»: