Սպերմագրամա

2020/02/28

Նախապատրաստում

 

Սերմնահեղուկի հետազոտման համար անհրաժեշտ է սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալ 2-7  օր։ Հետազոտությունից առաջ` մեկ շաբաթվա ընթացքում, չի կարելի ալկոհոլ ընդունել։ Քննության համար սերմնահեղուկ չի վերցրվում մրսածության կամ այլ սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև` շագանակագեղձի մերսումից անմիջապես հետո։  Հետազոտության նյութը վերցնում են ձեռնաշարժության միջոցով։ Պահպանակի կիրառումն անթույլատրելի է  (քսանյութում առկա են  սպերմիցիդ նյութեր)։ Անհրաժեշտ է ներկայացնել հավաքված էյակուլատը հերմետիկորեն փակ տարայի մեջ՝ ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում, բացառելով վերջինիս գերսառեցումը  20°С-ից ցածր ջերմաստիճանում։ Տարայի վրա հարկ է նշել հիվանդի Ա.Ա.Հ., սերմնահեղուկը վերցնելու ամսաթիվը և ժամանակը, սեռական հարաբերության բացակայության ժամկետը (օրերով)։

 

  • Անվանումը՝ սերմնահեղուկի հետազոտում անալիզատորով
  • Հետազոտության նյութը՝ սերմնահեղուկ
  • Հետազոտության եղանակը՝ մակրոսկոպիկ, մանրադիտակային և հետազոտում ավտոմատ անալիզատորով


Նկարագրություն


Սերմնահեղուկի քանակական, որակական և ձևաբանական ցուցանիշների որոշում՝ սերմնաբջիջների կոնցենտրացիայի, ձևի և շարժունակության գնահատմամբ։

Սերմնահեղուկի քննությունը (սպերմոգրամման) էյակուլատի հետազոտման լաբորատոր եղանակ է` տղամարդու սերմնահեղուկի պտղաբերության հնարավորությունները գնահատելու և սեռական համակարգի հնարավոր հիվանդությունները հայտնաբերելու համար։ Սպերմագրամա նշանակում են անպտղության կասկածի դեպքում, սերմնահեղուկի դոնորներին և նրանց, ովքեր պլանավորում են սերմնահեղուկի կրիոկոնսերվացիա։ Հետազոտվում են էյակուլատի մակրոսկոպիկ ցուցանիշները (ծավալը, գույնը, էյակուլատի մածուցիկությունը և հեղուկացման ժամանակը, ph),  հաջորդում է մանրադիտակային քննությունը, որի ժամանակ որոշում են սերմնահեղուկի բջջային տարրերի բնութագրերը, հատկապես սերմնաբջիջների քանակը, շարժունակությունը, ձևաբանական բնութագրերը, լեյկոցիտների քանակը և տեսակները, սպերմատոգենեզի ոչ հասուն բջիջների քանակը, ինչպես նաև տեսակները և այլն։  Սպերմատոզոիդների քանակը և որակը գնահատում են սերմնահեղուկի համակարգված և ավտոմատացված անալիզատորով՝ ներկառուցված տեսախցիկով և պատկերի վիզուալիզացիայի համակարգով։


Հետազոտության իրականացման ցուցումները.

 

  • տղամարդկանց անպտղության ախտորոշում,
  • արտամարմնային բեղմնավորման և սերմնահեղուկի ինտրացիտոպլազմիկ ներարկման նախապատրաստում։


Նորմայի մակրոսկոպիկ ցուցանիշները


Սպերմaգրամայի նորմայի ցուցանիշները որոշված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից (ԱՀԿ)։ Դրանք ներառել են հետևյալ կետերը.

 

  • ստացված սերմնահեղուկի ծավալը պետք է լինի 2 մլ-ից ավելի,
  • ստացումից անմիջապես հետո սերմնահեղուկը մածուցիկ է,
  • ջրիկացումը տեղի է ունենում առավելագույնը 30 րոպե անց,
  • մածուցիկությունը 2 սմ-ից ավելի չէ, այսինքն, սերմնահեղուկը ապակե փայտիկի օգնությամբ կարելի է այդ հեռավորության վրա ձգել դեպի վեր,
  • սպիտակամոխրագույն,
  • ինքնատիպ հոտ,
  • рh  ցուցանիշը` 7,2 – 8,0, ինչը ցույց է տալիս սերմնահեղուկի հիմնային ռեակցիան,
  • Էյակուլատը պղտոր է, սակայն լորձ պետք է չպարունակի։


Մանրադիտակային հետազոտության նորման


Մակրոսկոպիկ ցուցանիշները որոշվում են նյութի արտաքին զննման ժամանակ։ Հետազոտության մանրադիտակային եղանակների օգնությամբ որոշում են նորմալ սպերմագրամայի հետևյալ ցուցանիշները.

 

  • մեկ մլ էյակուլատում պետք է պարունակվի առնվազն 20 մլն սերմնաբջիջ, ընդ որում, ստացված նյութում պետք է լինի առնվազն 40 մլն արական սեռական բջիջ,
  • ակտիվ շարժուն պետք է լինի առնվազն քառորդ մասը (25%) ,
  • անշարժ սերմնաբջիջները պետք է լինեն կեսից քիչ (50% և քիչ),
  • ագլյուտինացիա և ագրեգացիա (սոսնձում և մեծ կուտակումների առաջացում) պետք է չլինեն,
  • լեյկոցիտների նորման` 1 մլն-ից ոչ ավելի,
  • նորմալ սպերմատոզոիդները պետք է կազմեն բոլոր բջիջների կեսից ավելին (50%),
  • գլխիկի նորմալ կառուցվածքով  (մորֆոլոգիայով) սերմնաբջիջները կազմում են   30%-ից ավելին,
  • էյակուլատում պետք է լինի սպերմատոգենեզի 2-4% բջիջ  (սեռական բջիջների ոչ հասուն նախնիները)։


Եթե հետազոտության բոլոր ցուցանիշները համապատասխանում են ռեֆերենտ արժեքներին, էյակուլատի այդպիսի վիճակը կոչում են «նորմոսպերմիա» կամ «նորմոզոոսպերմիա» տերմինով։


Օլիգոզոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջների կոնցենտրացիան ցածր է ռեֆերենտային մակարդակից։


Ասթենոզոոսպերմիայի դեպքում սերմնաբջիջների շարժունակությունը ցածր է ռեֆերենտային մակարդակից։


Տերատոզոոսպերմիայի դեպքում ձևաբանորեն նորմալ սերմնաբջիջների տոկոսը ցածր է ռեֆերենտային մակարդակից։


Ազոոսպերմիա՝ էյակուլատում սերմնաբջիջների բացակայություն։


Ասպերմիա՝ էյակուլատում ո՛չ միայն սերմնաբջիջների, այլ նաև սպերմատոգենեզի ոչ հասուն բջիջների բացակայություն։


Էյակուլատում սերմնաբջիջների քանակի նվազման գլխավոր պատճառներն են.

 

  • էնդոկրին խանգարումները (շաքարային դիաբետ, մակերիկամների և վահանաձև գեղձի դիսֆունկցիա, սեռական գեղձերի թերզարգացում, հիպոթալամոհիպոֆիզար կարգավորման խանգարում),
  • միզասեռական օրգանների հիվանդություններ (վարիկոցելե, օրխիտ, պրոստատիտ, սեռական օրգանների վնասվածքներ),
  • գենետիկ խանգարումներ (օրինակ` Կլայնֆելտերի համախտանիշ),
  • թույների ազդեցություն  (ալկոհոլ, հորմոններ, քնաբեր միջոցներ),
  • տենդային վիճակ,
  • բարձր արտաքին ջերմաստիճան։


Սերմնաբջիջների ցածր շարժունակության պատճառներն են.

 

  • սեղմող սպիտակեղենի կրում,
  • ծխախոտ և ալկոհոլիզմ,
  • ավիտամինոզ,
  • սթրեսներ,
  • քսուկների օգտագործում,
  • նստակյաց աշխատանք,
  • էլեկտրամագնիսական ալիքներ և իոնիզացնող ճառագայթում,
  • հակաբիոտիկներով բուժում: