Կլիմայի փոփոխություններն ազդում են տղամարդու պտղաբերության վրա

2018/11/27

Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում: Հետազոտության արդյուքներն ներկայացվել են Nature Communications պարբերականում:

Վերջին ժամանակաշրջանում տարբեր երկրներում հաճախ են անոմալ շոգեր լինում՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ: Դրա հետևանքով շատ տեսակների պոպուլյացիաներ սկսել են արագ կրճատվել: Գիտնականների նոր աշխատանքի նպատակն էր պարզել, թե ինչու՞ է դա տեղի ունենում և հատկապես ո՞ր կենսաբանական մեխանիզմներն են ենթարկվում եղանակային պայմանների փոփոխության բացասական ազդեցությանը:

Մասնագետները ցույց տվեցին, որ ջերմաստիճանային փոփոխությունների նկատմամբ ամենազգայունը սերմնահեղուկն է: Իրենց փորձարկումներում նրանք օգտագործեցին վնասակար փոքր ալրաբզեզներին (Tribolium castaneum): Միջատներին բաժանեցին երկու խմբի. մի խումբն ապրել է նորմալ պայմաններում, իսկ երկրորդ խումբը հինգ օր անցկացրել է բարձր ջերմաստիճանի պայմաններում, որն այդ տեսակի համար օպտիմալ ջերմաստիճանը գերազանցում էր 5-7°C-ով: Դրանից հետո ևս իրականացվեցին մի քանի փորձարկումներ, որպեսզի պարզվի, թե շոգն ի՞նչ ազդեցություն է թողել վերարտադրողական ֆունկցիայի, սերմնահեղուկի և սերնդի վրա: Պարզվել է, «շոգ եղանակի» առաջին ալիքից հետո բզեզների սպասվելիք սերնդի քանակը կրճատվել է երկու անգամ, իսկ երկրորդ ալիքը բերել է գրեթե ամբողջական ստերջացման:  Էգ առանձնյակների վրա ջերմաստիճանը չի ազդել, թեև նրանց օրգանիզմում գտնվող սպերմատազոիդները շոգի ժամանակ մասամբ ոչնչացել են: Փորձարկման արդյունքում սերմնահեղուկի քանակը կրճատվել է երեք քառորդով, և, արդյունքում, նախքան բեղմնավորումը նրանց ոչնչացման հավանականությունը բարձր է եղել: Բացի այդ, մասնագետները պարզել են, որ արուների կողմից բեղմնավորման փորձերը ևս կրճատվել են երկու անգամ:

Գիտնականներն ընդգծեցին ստացված տվյալների կարևորությունը. դրանք թույլ տվեցին հայտնաբերել վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող կարևոր գործոնը, ինչպես նաև գտնել կլիմայի փոփոխության հետևանքով տարբեր տեսակների պոպուլյացիաների կրճատման հնարավոր բացատրությունը: Հետազոտողները կոչ արեցին ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի պայմանների փոփոխության նկատմամբ կենդանի օրգանիզմների խոցելիության խնդրի վրա և բնության վրա հետագա բացասական ազդեցության կանխարգելման նպատակով միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վրա: