Հիպոսպադիա

2021/01/15

Հիպոսպադիան զարգացման արատ, որի ժամանակ միզատար խողովակի արտաքին բացվածքը տեղակայվում է ոչ թե առնանդամի ծայրին, այլ նրա ստորին մակերեսի, ամորձապարկի կամ շեքի վրա: Հանդիպում է 1000 նորածնից 5-8 տղայի մոտ, կամ մոտավորապես 200 նորածնից մեկի մոտ: Այս ախտաբանությունը հանդիպում է 150 նորածնից մեկի մոտ: Աղջիկների մոտ չի հանդիպում:   

Պատճառները

Գենետիկական խանգարումներն են:

Ձևերը

Միզատար խողովակը զարգացած չէ, երկարությունն էլ` կարճ է: Այնտեղ, որտեղ պետք է գտնվեր միզատար խողովակը, շարակցական հյուսվածքից կարծր սպի է առաջանում (քորդա), ինչի հետ կապված, առնանդամը կորացած է, թլիպի մաշկը չի ծածկում առնանդամի գխիկը:
 
Միզուկի բացվածքը կարող է գտնվել առնանդամի ստորին մակերևույթի ցանկացած կետում՝ հիմքից մինչև գլխիկ: Ըստ բացվածքի տեղակայման, տարբերում են հիպոսպադիայի հետևյալ տեսակները:

  • Գլխիկային ձև (բացվածքը գտնվում է առնանդամի գլխիկի վրա, բայց ոչ իր սովորական տեղում), որն ամենահաճախն է հանդիպում, և կազմում է հիպոսպադիայի բոլոր դեպքերի 65-75%-ը: Հաճախ միզատար խողովակի բացվածքը տեղակայված է պսակաձև ակոսին մոտ:  
  • Ցողունային ձև (բացվածքը գտնվում է առնանդամի մարմնի ստորին մակերևույթին), որի ժամանակ թեքվածության աստիճանը կախված է միզատար խողովակի բացվածքի տեղակայումից. որքան այն հեռու է իր նորմալ տեղակայումից, այնքան ավելի արտահայտված է առնանդամի թեքվածությունը: Հնարավոր է` միզատար խողովակի բացվածքի նեղացում:
  • Ամորձապարկային ձև (բացվածքը գտնվում է ամորձապարկի շրջանում):
  • Շեքային ձև (միզատար խողովակի բացվածքը բացվում է շեքի շրջանում)
  • Ամորձապարկային և շեքային ձևեր. առնանդամը կտրուկ թեքված է և փոքրացած: Միզատար խողովակի արտաքին բացվածքը կարող է զգալիորեն լայնացած լինել:  Թլիպը կարող է ճեղքված լինել:

Հաճախ հանդիպում է դիստալ հիպոսպադիա, որի ժամանակ միզուկի բացվածքը տեղակայվում է առնանդամի պսակաձև ակոսում (80-85%): Հազվադեպ` բացվածքը գտնվում է առնանդամի ցողունի մեջ (10-15%), ավելի հազվադեպ՝ շեքում (5-10%):

Աղջիկների մոտ հիպոսպադիա հազվադեպ է առաջանում: Այս դեպքում միզատար խողովակը ճեղքված է հետին մակերեսին, հեշտոցի առաջային պատը կուսաթաղանթն է: Միզուկը բացվում է հեշտոցում: Սովորաբար կանացի հիպոսպադիան դրսևորվում է անմիզապահությամբ:  

Ախտորոշումը

Դժվարություն չի ներկայացնում: Ախտորոշվում է սովորական զննման ժամանակ:

Բուժումը

Կատարվում է առնանդամի վիրաբուժական ուղղում և միզատար խողովակի թերի մասի պլաստիկա:  Գլխիկային ձևի և առնանդամի ոչ մեծ թեքվածության ժամանակ բուժում չի պահանջվում: Վիրահատական բուժման լավագույն ժամկետը համարվում է 2-5 տարեկանը: Արտերկրում հիպոսպադիան վիրահատում են 6-15 ամսականում:
 
Գոյություն ունեն հիպոսպադիայի վիրահատության տասնյակ տեսակներ: Վիրահատական միջամտությունը կարելի է իրականացնել մեկ կամ երկու փուլով: Հատվում է քորդան և առնանդամի խորշիկավոր մարմինների նորմալ զարգացման համար  պայմաններ են ստեղծվում: Եթե վիրահատական բուժումն իրականացվում է մեկ փուլով, ապա միզատար խողովակի պլաստիկան անմիջապես է իրականացվում: Երկփուլ բուժման ժամանակ միզուկի պլաստիկան իրականացվում է նախադպրոցական հասակում:  Պլաստիկայի համար որպես նյութ ծառայում են առնանդամի մաշկը, թլիպի կամ ամորձապարկի մաշկը, երբեմն` ազատ տրանսպլանտանտները (կույր աղու որդանման ելունը, միզապարկի լորձաթաղանթը):

Աղջիկների մոտ իրականացվում է հեշտոցի պատից միզատար խողովակի ստեղծման պլաստիկ վիրահատություն և միզապարկի սեղմանի պլաստիկա: