Երիկամի քաղցկեղ (Renal Cell Caninoma)

2018/08/29

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում:

Հիվանդությունն արագ է զարգանում և հիմնականում ախտահարում է տղամարդկանց: Երիկամաբջջային քաղցկեղը վտանգավոր է, քանի որ այն արագ է ընթանում ու սկզբնական շրջանում գրեթե անախտանիշ է:Ցավի և անհարմարության բացակայության պատճառով հիվանդները չեն կասկածում օրգանիզմում տեղի ունեցող խանգարումների մասին և արդեն կլինիկա են դիմում ուշ շրջանում: Այդ ընթացքում չարորակ ուռուցքը հասցնում է մետաստազներով ախտահարել մոտակա և հեռակա օրգանները:
 
Երիկամի քաղցկեղի բուժման դեպքում հիվանդների միջին ապրելիությունը պայմանավորված է ախտաբանության հայտնաբերման փուլով և որակավորված բուժմամբ: Երբ չարորակ ուռուցքը հայտնաբերվում է առաջին փուլում, հիվանդների ապրելիությունը միջինը կազմում է ավելի քան 70 %, երկրորդ փուլի դեպքում՝ 65-70%: Եթե հիվանդի մոտ քաղցկեղն ախտորոշվում է երրորդ փուլում, միջին ապրելիությունը կազմում է 50%, չորրորդ փուլի դեպքում այն համապատասխանաբար կազմում է 10%:

Երիկամի քաղցկեղի տեսակները

Ժամանակակից բժշկության մեջ տարբերում են երիկամի չարորակ ուռուցքի մի քանի տեսակ: Քաղցկեղի տեսակը կարելի է որոշել ժամանակակից ախտորոշիչ սարքերով համալիր հետազոտությունից հետո:

Երիկամի քաղցկեղի հիմնական տեսակներն են.

•    երիկամաբջջային քաղցկեղ,
•    անցումային բջջային քաղցկեղ,
•    սարկոմա,
•    Վիլմսի ուռուցք:

Երիկամաբջջային քաղցկեղի զարգացման հիմնական պատճառներն են.

•    երկարատև ծխելը,
•    աշխատանքն անբարենպաստ պայմանները (թունավոր նյութերի հետ շփումը, նավթի արտադրությունում, բարձր ճառագայթման պայմաններում աշխատելը),
•    ավելորդ քաշը,
•    երիկամների բնածին արատները և քրոնիկական հիվանդությունները, երիկամային անբավարարությունը, պիելոնեֆրիտը, երիկամների պոլիկիստոզը,
•    միզատար համակարգի բնածին կամ ձեռք բերովի ախտաբանությունները,
•    կրած տուբերկուլոզի հետևանքները:

Երիկամի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնները

Հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական պատճառներն են.

  • հիվանդի սեռը. առավել հաճախ ախտորոշվում տղամարդկանց մոտ, հիմնականում 50 տարեկանից հետո,
  • ծխելը,
  • զարկերակային գերճնշումը,
  • ավելորդ քաշը,
  • երիկամների ախտաբանությունները և քրոնիկական հիվանդությունները,
  • թունավոր նյութերի հետ աշխատանքը,
  • ժառանգական նախատրամադրվածությունը:

 

Երիկամի քաղցկեղի ախտանիշները

 

Հիվանդության զարգացման սկզբնական փուլում հիվանդը գրեթե անհարմարություն չի զգում: Երիկամի քաղցկեղի նշանները նկատվում են ախտաբանության զարգացումից հետո միայն: Այդ պատճառով հիվանդությունն ախտորոշվում է քաղցկեղի ուշ շրջանում:

 

Երիկամի քաղցկեղի հիմնական ախտանիշներն են.

 

  • արյունամիզություն,
  • ցավ. բութ, նվացող ցավը տեղակայվում է ախտահարված օրգանի շրջանում և արտահայտվում է քաղցկեղի ուշ շրջանում,
  • քաշի անկում, մաշկի գույնի փոփոխություն, ընդհանուր թուլություն, մշտական հոգնածություն,
  • կարծր ուռուցքի չափերի մեծացում,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում. քաղցկեղի վաղ շրջանում մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ հիվանդության դեմ իմունիտետի պայքարի արդյունքում: Ավելի ուշ շրջանում մարմնի բարձր ջերմաստիճանի պահպանումը պայմանավորված է օրգանի հյուսվածքների մեռուկացմամբ և շրջակա օրգաններում բազմաթիվ բորբոքումների առկայությամբ:


Երիկամի քաղցկեղի փուլերը

Երիկամային կարցինոմայի զարգացումը դասակարգվում է չորս փուլով: Յուրաքանչյուր փուլը որոշվում է ուռուցքի չափերով և մոտակա ու հեռակա օրգաններում մետաստազների առկայությամբ:

Առաջին փուլ: Բնորոշվում է ուռուցքի նվազագույն չափերով: Նորագոյացությունը դեռևս ախտահարված երիկամի սահմաններում է: Չկան մետաստազներ, ինչպես նաև ավշային հանգույցների ախտահարում:

Երկրորդ փուլ: Ուռուցքի չափերը հասնում են մինչև 7 սմ, տեղակայված է երիկամի սահմաններում: Մետաստազներ և ավշային հանգույցների ախտահարում չի հայտնաբերվում:

Երրորդ փուլ: Ուռուցքը հասնում է մեծ չափերի (3-7 սմ), դուրս է գալիս ախտահարված երիկամի սահմաններից, սակայն գտնվում է երիկամային փակեղի սահմաններում: Ավշային հանգույցներում կան մետաստազներ: Հեռակա մետաստազներ չեն հայտնաբերվում:

Չորրորդ փուլ: Ուռուցքի չափերը չեն որոշվում, այն դուրս է գալիս երիկամային փակեղի սահմաններից: Ավշային հանգույցներում և հեռակա օրգաններում կան մետաստազներ:

Երիկամի քաղցկեղի մետաստազները

Երիկամի հեռացումից հետո երեք տարիների ընթացքում ուռուցքի կրկնակի առաջացման և օրգաններում մետաստազավորման ռիսկը բարձր է:

Երիկամի քաղցկեղի ժամանակ մետաստազներ հիմնականում առաջանում են հետևյալ օրգաններում.

•    լյարդ,
•    թոքեր,
•    ուղեղ,
•    ոսկրեր:

Երիկամի քաղցկեղի ախտորոշումը

Երիկամի կարցինոմայի ախտորոշման առաջին փուլը անամնեզի հավաքումն է, պացիենտի հիվանդության պատմության ուսումնասիրումը և արյան քննության իրականացումը (ընդհանուր, կենսաքիմիական): Քննության նորմալ ցուցանիշներից շեղումների դեպքում ուռուցքը բացառելու նպատակով անհրաժեշտ է երիկամների մանրամասն հետազոտություն իրականացնել: Հետազոտման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս որոշել երիկամի չարորակ ուռուցքի չափերը և զարգացման փուլը:

Երիկամի քաղցկեղի ախտորոշման եղանակները.

•    Համակարգչային շերտագրություն
•    Մագնիսառեզոնանսային շերտագրություն
•    Պունկցիոն բիոփսիա

Երիկամի քաղցկեղի բուժումը

Երիկամի քաղցկեղի բուժման եղանակը պայմանավորված է օրգանիզմում ուռուցքի տարածվածության աստիճանից, ինչպես նաև մեծ նշանակություն ունի մետաստազների առկայությունը:

Երիկամի քաղցկեղի բուժման եղանակները.

•    վիրաբուժական եղանակ,
•    ճառագայթային բուժում,
•    Քիմիաթերապիա,
•    Իմունաթերապիա:

Ապաքինվելու հնարավորությունը բաց չթողնելու կամ կյանքի որակը զգալի բարձրացնելու նպատակով հիվանդները պետք է տարեկան առնվազն մեկ անգամ կանխարգելիչ զննում անցնեն և իրականացնեն երիկամների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ): Երիկամի քաղցկեղի վաղ ախտորոշումը մեծացնում է ապաքինման հավանականությունը: