Երիկամների կիստաներ

2021/04/27

Երիկամի կիստան երիկամային հյուսվածքում կլորավուն խոռոչավոր գոյացություն է։ Այս գոյացությունը շրջապատված է շարակցահյուսվածքային պատիճով և լցված է հեղուկով։ Կարող են ձևավորվել միայնակ կամ բազմաթիվ դեֆեկտներ։  

 

Տարբերում են.

 

  • բնածին, որն առաջանում է զարգացման արատների արդյունքում կամ գենետիկ նախատրամադրվածության ֆոնին, 
  • ձեռք բերովի՝ գլոմերուլոնեֆրիտի, պիելոնեֆրիտի, երիկամի ուռուցքների դեպքում։

 

Խոռոչի հեղուկն ըստ բնույթի կարող է լինել.

 

  • շճային՝ թափանցիկ, դեղնավուն երանգով,
  • հեմոռագիկ՝ պարունակության մեջ արյան առկայություն,
  • թարախային՝ խոռոչում թարախի առաջացում։

 

Երիկամի կիստաների առաջացման ռիսկի գործոնները

 

  • Միզասեռական համակարգի վարակիչ և բորբոքային հիվանդություններ,
  • երիկամների վիրահատություններ և վնասվածքներ,
  • զարկերակային ճնշման քրոնիկ բարձրացում,
  • ժառանգական նախատրամադրվածություն,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • տուբերկուլոզ,
  • երիկամներում քարերի առաջացում։

 

Ախտանիշները

 

Կիստայի չափերով պայմանավորված՝ ձևավորվում է հիվանդության կլինիկական պատկերը։ Հաճախ, սկզբնական փուլերում, ախտանիշները բացակայում են։  Ախտաբանության նշաններն սկսում են դրսևորվել` խոռոչի չափերի մեծացմանը զուգընթաց։

 

Բնորոշ է.

 

  • ծանրաբեռնվածության ժամանակ ուժգնացող ցավ` գոտկային շրջանում,
  • ցավ` միզապարկի և միզածորանի շրջանում,
  • դիաստոլիկ (ստորին) ճնշման բարձրացում,
  • միզարձակման դժվարացում,
  • մեզում` արյան առկայություն,
  • երիկամի ծավալի մեծացում։

 

Անհրաժեշտ բուժում չիրականացնելու դեպքում հետագայում հնարավոր է երկրորդային վարակի միացում, քրոնիկ երիկամային անբավարարություն, կիստայի պատռվածք և անցում` բարորակից չարորակ ձևի։  

 

Ախտորոշում

 

  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • երիկամների համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն,
  • անգիոգրաֆիա, սցինտիգրաֆիա, ուրոգրաֆիա,
  • արյան և մեզի ընդհանուր կլինիկական հետազոտություններ։