Խոլեսթերինն ու տղամարդու առողջությունը

2021/08/10

Բարձր խոլեսթերինը կամ հիպերխոլեսթերոլեմիան, համարվում է տղամարդկանց մի շարք հիվանդությունների ռիսկային գործոն։ Բարձր խոլեսթերինը հատկապես կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ: Այդ հիվանդություններից են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, ինսուլտը և ծայրամասային զարկերակային հիվանդությունը, շաքարախտը և արյան զարկերակային բարձր ճնշումը։ Բարձր խոլեսթերինի վտանգը սկսվում է 20 տարեկանից և աճում տարիքի հետ: Ճիշտ է, որ բարձր խոլեսթերինը կարող է լինել ժառանգական, սակայն ապրելակերպը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և քաշը նույնպես ազդում են խոլեսթերինի մակարդակի վրա:

Ի՞նչ է խոլեսթերինը

 

Խոլեսթերինը ճարպանման նյութ է, որն արտադրվում է լյարդում և այլ բջիջներում: Այն նաև հայտնաբերված է որոշ սննդամթերքում, ինչպիսիք են կաթնամթերքը, ձուն և միսը: Մեր օրգանիզմին անհրաժեշտ է որոշակի քանակի խոլեսթերին՝ սեռական հորմոններ, մակերիկամների հորմոններ, վիտամին D և լեղաթթուներ արտադրելու համար: Հետևաբար, այդ գործառույթը իրականացնելու համար մեր օրգանիզմն ունի խոլեսթերինի որոշակի քանակի կարիք: Իսկ այդ քանակի գերազանցումն առաջացնում է առողջական խնդիրներ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները: Բարձր քանակի խոլեսթերինի դեպքում, այն կուտակվելով արյան զարկերակների պատերին, առաջացնում է աթեոսկլերոտիկ վահանիկներ, որոնք խցանում և արգելափակում են արյան շրջանառությունը դեպի տվյալ օրգաններ։ Սրտի կաթվածը տեղի է ունենում այդ մեխանիզմով, երբ ամբողջությամբ է խցանվում սրտամկանը սնուցող զարկերակի լուսանցքը, որի հետևանքով զարգանում է սրտամկանի ինֆարկտ։ Գոյություն ունեն խոլեսթերինի երկու տեսակներ՝ ցածր խտության լիպոպրոտեին (LDL) և բարձր խտության լիպոպրոտեին (HDL)։ Առաջինը կոչվում է վատ խոլեսթերին, քանի որ հենց ինքն է առաջացնում անոթների խցանում, իսկ երկրորդը` լավ խոլեսթերի, քանի որ օգնում է հեռացնել վատ խոլեսթերինն` օրգանիզմից: Առողջության պահպանման համար պետք է ունենալ ցածր LDL և բարձր HDL։ Եթե այս հավասարակշռությունը չի պահպանվում, հատկապես եթե այն հակառակն է, առաջանում են առողջության դեմ սպառնալիքներ:

 

Որո՞նք են բարձր խոլեսթերինի ռիսկի գործոնները

 

  • Հագեցած ճարպային սնունդը։ Հագեցած ճարպերը շատ են մսի, երշիկեղենի, հավկիթի, կարագի և այլ սննդամթերքի մեջ։ Այս ճարպերը նպաստում են վատ խոլեսթերինի քանակի ավելացմանը։
  • Վերամշակված կամ բարձր ածխաջրատներ պարունակող սնունդը։ Վերամշակված սնունդը պահածոյացված, սառեցված կամ թխված սնունդն է։ Նման սննդամթերքը բարձրացնում են «վատ» խոլեսթերինի քանակը։
  • Ավելորդ քաշ և գիրությունը իջեցնում է LDL և բարձրացնում է HDL-ի քանակը։
  • Ցածր ֆիզիկական ակտիվությունը։ Կանոնավոր մարզումները կարող են բարձրացնել լավ խոլեսթերինի քանակն արյան մեջ ու նպաստել քաշի կորստին։

 

Ո՞րն է կապը տեստոստերոնի և բարձր խոլեսթերինի միջև

 

Կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում  են տեստոստերոնի ցածր մակարդակի և  բարձր խոլեսթերինի կապի մասին: Քանի որ  խոլեսթերինը նպաստում է տեստոստերոնի սինթեզին, և, տարիքի  հետ, ամորձիները սկսում են ավելի քիչ տեստոստերոն արտադրել, հետևաբար, ավելի քիչ խոլեսթերին է օգտագործվում տեստոստերոնի սինթեզի համար, ինչը կարող է բերել խոլեսթերինի քանակի բարձրացմանը։
Ինչպե՞ս կանխել խոլեսթերինի բարձրացումը

 

  • Առողջ սննդակարգ: Խոլեսթերինը նվազեցնելու համար ամենակարևոր պայմաններից մեկը սննդակարգում հագեցած ճարպերի և տրանս ճարպերի քանակի կրճատումն է: Դա նշանակում է` ավելի քիչ ուտել միս և ընտրել յուղազերծ կամ ցածր յուղայնությամբ կաթնամթերք, չօգտագործել տապակած, վերամշակված և շաքարով հարուստ սնունդ: Կարևոր է նաև սննդակարգում ավելացնել լուծվող մանրաթելերի քանակը (վարսակի ալյուր, լոբի և խնձոր և այլն)։
  • Նիհարել։ Ավելորդ քաշից ազատվելը նպաստում է խոլեսթերինի մակարդակի իջեցմանը:
  • Մարզանք: Արագ քայլելը բարձրացնում է HDL- ը և նվազեցնում LDL-ը: