Ինտերստիցիալ ցիստիտ (Interstitial Cystitis)

2018/08/14

Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ:

Հիվանդների մոտ միզարձակման ժամանակ լինում են իրիտատիվ ախտանիշներ, որոնք պայմանավորված են միզապարկի ծավալի փոքրացմամբ և միզապարկի լցման ժամանակ առաջացող ցավերով, (որոնք սովորաբար պաշարվում են միզապարկի դատարկման դեպքում): Այս հիվանդության ժամանակ մեզի մանրէաբանական և բջջաբանական քննությունները լինում են բացասական, որևէ այլ ուռոլոգիական ախտաբանություն ևս չի հայտնաբերվում:

Ինչու՞ է առաջանում ինտերստիցիալ ցիստիտ

Ինտերստիցիալ ցիստիտի պատճառն անհայտ է: Դեռևս ոչ մի տեսություն չի ապացուցվել:

Ովքե՞ր են հիվանդանում  ինտերստիցիալ ցիստիտով

Հիմնական մասը կազմում են վերարտադրողական տարիքում գտնվող կանայք: Հիվանդների մոտ երկար տարիներ ախտանիշները կարող են աննշան լինել, ապա հնարավոր է վերջիններիս կտրուկ ուժեղացում:

Ինտերստիցիալ  ցիստիտի ախտորոշումը

Ինտերստիցիալ ցիստիտն ախտորոշվում է բացառման եղանակով: Գոյություն չունի բացարձակ թեստ, որը հնարավորություն կտա հաստատել ախտորոշումը: Եթե հիվանդի մոտ կան միզարձակման կանչեր, հաճախացած միզարձակում, նիկտուրիա (միզարձակման գիշերային կանչեր), միզապարկի լցման ժամանակ վերցայլային շրջանում ցավեր, համապատասխան ցիստոսկոպիկ պատկեր՝ մեզի մանրէաբանական և բջջաբանական բացասական քննությունների դեպքում, դրվում է ինտերստիցիալ ցիստիտ ենթադրվող ախտորոշումը:

Ցիստոսկոպիան կատարվում է անզգայացմամբ, որի ժամանակ իրականացվում է միզապարկի ձգում հեղուկով (հիդրոդիսթենզիա) : Ցիստոսկոպիայի ժամանակ հայտնաբերվող ամենաբնորոշ առաջնակի նշանը միզապարկի ծավալի զգալի նվազումն է: Սակայն այն ախտորոշիչ նշան չի համարվում: Ինտերստիցիալ ցիստիտին բնորոշ  երկու նշաններն են՝ այսպես կոչված գլոմերուլյացիաները (արյունազեղումներ) և Հանների խոցերը: Այս նշանների հայտնաբերման դեպքում ախտորոշվում է ՛՛ ինտերստիցիալ ցիստիտ՛՛:


Արդյո՞ք ցուցված է միզապարկի բիոպսիան:

Չնայած նրան, որ կարծիքները հակասական են, ակնհայտ է, որ ինտերստիցիալ ցիստիտի ախտորոշման հաստատման համար բիոպսիայի իրականացումը պարտադիր չէ: Բիոպսիայի իրականացման հիմնական ցուցումը ոչ թե ինտերստիցիալ ցիստիտի ախտորոշման հաստատումն է, այլ միզապարկի կարցինոմայի (քաղցկեղի) բացառումը:

Ինտերստիցիալ ցիստիտի բուժումը

Ցանկացած բուժումից առաջ կարևոր է ախտորոշման հաստատումը:

Բուժումը կարող է իրականացվել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական միջամտությամբ: Այն կարող է լինել տեղային կամ համակարգային: Սովորաբար առաջնային բուժումը հիդրոդիսթենզիան է, քանի որ այն ախտորոշիչ հետազոտման մաս է հանդիսանում: Այն հնարավորություն է տալիս վիճակի բարելավման հասնել 50-60%  հիվանդների մոտ:

Բուժման հաջորդ փուլի ժամանակ իրականացվում են տարբեր դեղամիջոցների հաջորդական ներմուծումներ միզապարկի մեջ: Իրականացվում է նաև համակարգային բուժում նատրիումի պենտոզանպոլիսուլֆատով, ամիտրիպտիլինով և հեպարինով: Բացի այդ գոյություն ունեն նաև բուժման ոչ դեղորայքային եղանակներ, ինչպիսիք են կենսաբանական հետադարձ կապը և միզապարկի մարզումը:

Ծանր դեպքերում կարող է ցուցված լինել վիրահատական բուժում: