Հետ միզարձակման դրիբլինգ (Post-void dribbling)

2017/07/03

Դրիբլինգ (dribling) կոչվում է այն երևույթը, երբ միզարձակումն ավարտելուց հետո տղամարդու վարտիքը թրջվում է մեզի հանկարծակի արտահոսքի պատճառով։

 

Հետ միզարձակման դրիբլինգի (Post-void dribbling) պատճառները շատ պարզաբանված չեն։ Հիմնական ենթադրյալ պատճառը կապված է կոնքի հատակի թույլ մկանների (հատկապես` բուլբոկավերնոզ) հետ, որի արդյունքում, երբ փակվում է միզապարկի ելքը, միզուկի տվյալ հատվածում կուտակված մեզը ինքնահոս իջնում է ցած։

 

Որո՞նք են կոնքի հատակի մկանների թուլության պատճառները.

 

  • շագանակագեղձի վիրահատություններ,
  • փորկապություն,
  • քրոնիկ հազ (հատկապես ծխողների մոտ),
  • գերքաշ,
  • նյարդերի վնասում,
  • մշտական ծանրություն բարձրացնելը:

 

Այլ պատճառներից են՝ ստորին միզուղիների ախտանշանները, որոնք հանդիպում են շագանակագեղձի տարբեր հիվանդությունների ժամանակ (ադենոմա, քաղցկեղ, պրոստատիտ)։ Այս ախտանշաններից են՝ հաճախամիզությունը, դժվարամիզությունը, ճիգերով միզարձակությունը և այլն։

 

Ինչպե՞ս կանխել դրիբլինգը.

 

  1. միզելու վերջում սպասել մի քանի վարկյան` մինչև միզապարկի ամբողջական դատարկումը,
  2. ձախ ձեռքի երեք մատների ծայրերով սեղմել ամորձուց քիչ ներքևի հատվածը, այնուհետև միջին գծով մեղմորեն մատների ծայրերը սահեցնել դեպի առաջ՝ առնանդամի հիմքի ուղղությամբ,
  3. միզուկի մեզի դատարկումից հետո կրկնել այս գործողությունը մի քանի անգամ,
  4. ուժեղացնել կոնքի մկանները` վարժությունների միջոցով,
  5. դիմել ուրոլոգիական խորհրդատվության: