Կանանց մոտ անմիզապահության ազդեցությունը սեռական կյանքի վրա

2023/07/11

Կանանց մոտ անմիզապահությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ և՛ կնոջ, և՛ նրա զուգընկերոջ սեռական կյանքի վրա։ Իսկ որո՞նք են նման ազդեցության պատճառները։

Հոգեբանական ազդեցություն։ Անմիզապահությունը կնոջ մոտ առաջացնում է ամոթի, անհարմարության և  անհանգստության զգացողություններ: Այս հուզական գործոնները երբեմն կարող են ազդել սեռական մտերմության վրա, և հանգեցնել սեռական ցանկության նվազմանը կամ գրգռման դժվարությունների ի հայտ գալուն:

Ֆիզիկական սահմանափակումներ։ Անմիզապահությունը կարող է անհարմարություններ առաջացնել և՛ կնոջ, և՛ զուգընկերոջ համար: Սեռական ակտիվության ընթացքում մեզի հնարավոր արտահոսքը կամ հոտի առկայությունը լրացուցիչ լարվածություն է առաջացնում զույգերի մոտ, ինչն ազդում է նրանց մտերմության և վայելքի վրա:

Հաղորդակցության խնդիրներ։ Անմիզապահությունը կարող է դժվարացնել զույգերի հաղորդակցությունը, ինչը բացասաբար է ազդում սեռական հարաբերության պահպանման վրա:

Ապրելակերպի փոփոխություններ։ Անմիզապահությամբ տառապող կանայք  որոշ փոփոխություններ են մտցնում իրենց կենսակերպում (հեղուկի սահմանափակում, տակդիրների օգտագործում, օղերի տեղադրում...)։ Նման կենսակերպը շատ հաճախ սահմանափակում է սեռական հարաբերության ինքնաբուխ լինելը։

Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ անմիզապահությունը ոչ միշտ է վնասում սեռական հարաբերություններին:

Կան բուժման տարբեր մեթոդներ (կոնքի հատակի վարժությունները, դեղորայքային և վիրաբուժական միջամտություններ), որոնք օգնում են կառավարել անմիզապահության ախտանիշները:

Շատ կարևոր է զուգընկերների միջև բաց շփումը, մասնագիտական մոտեցումը և այլընտրանքային սեռական հարաբերության կամ դիրքերի ընտրությունը, որոնք օգնում են պահպանել զույգերի մտերմությունն ու սեռական բավարարվածությունը: