Պրոստատիտ (Prostatitis)

2017/05/06

Դա շագանակագեղձի բորբոքումն է: Հանդիպում է միջին հասակի տղամարդկանց մոտ:

Դասակարգումը

 

  • Սուր պրոստատիտ (Acute prostatitis)
  • Քրոնիկական պրոստատիտ (Chronic prostatitis)
     

 Սուր պրոստատիտ

Այս հիվանդությունը համարվում է շատ ծանր հիվանդություն, որի ժամանակ շագանակագեղձի բորբոքումը կրում է սուր և առողջությանը սպառնացող բնույթ: Ախտանշաններն են` դժվարամիզություն, հաճախամիզություն, մեջքի ստորին հատվածի ցավեր, ջերմության բարձրացում, դող, սարսուռ, ընդհանուր թուլություն, երբեմն`սուր միզապակություն (շագանակագեղձի այտուցի հետևանքով):
 
Ախտորոշում

 

  • Մեզի միջին բաժնի ընդհանուր քննություն և ցանքս (culture)` միկրոբների և անտիբիոտիկների զգայնությունը որոշելու նպատակով:
  • Այս հիվանդության ժամանակ դիտվում է նաև ՊՍԱ բարձրացում:

 
Բուժում

Հակաբակտերիալ, հակաբորբոքային և ինֆուզիոն բուժում: Երբեմն կարիք է լինում նաև շագանակագեղձի ներմիզուկային վիրահատության (աբսցեսի խոռոչը բացելու և թարախին արտահոսք տալու նպատակով):
 
Քրոնիկական պրոստատիտ
 

  • Քրոնիկական բակտերիալ պրոստատիտ (Chronic bacterial prostatitis (CBP))
  • Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ / քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ- բորբոքային (Chronic abacterial prostatitis/chronic pelvic pain syndrome-inflammatory (CAP/CPPS)Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ
  • Քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ- ոչ բորբոքային (Chronic abacterial prostatitis/chronic pelvic pain syndrome-noninflammatory)

 
Քրոնիկական բակտերիալ պրոստատիտ

Երբ շագանակագեղձի հեղուկի մեջ առկա են ոչ մեծ քանակությամբ միկրոբներ: Հիմնական հարուցիչներն են` աղիքային ցուպիկը, ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերը (E. coli. Staphylococcus aureus, Streptococcus faecalis and enterococci): Կարող են լինել նաև ատիպիկ միկրոբներ, ինչպիսին են խլամիդիան, միկոպլազման, ուրեապլազման (chlamydia, mycoplasma, ureaplasma):

 

 

Կլինիկական ախտանշաններ.

 

  • շեքի ցավեր (Perineal pain),
  • որովային ստորին հատվածի ցավեր (Lower abdominal pain),
  • առնադամի գլխիկի ցավեր (Penile pain),
  • ամորձիների ցավ (Testicular pain),
  • ցավոտ սերմնաժայթքում (Ejaculatory discomfort or pain),
  • միզարձակման խանգարումներ,
  • երբեմն` էրեկտիլ  դիսֆունկցիա:

 
Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ / քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ- բորբոքային

Ամենահաճախ հանդիպող ձևն է: Ախտանիշներն են` կոնքի և սեռական օրգանների շրջանի ցավերը, դժվարամիզությունը և ցավոտ սերմնաժայթքումը: Երբեմն ընթանում է նաև անախտանիշ: Այս հիվանդությունը կարող է ազդել նաև սեռական ֆունկցիայի և կյանքի որակի վրա:
 
Քրոնիկական աբակտերիալ պրոստատիտ / քրոնիկական կոնքի ցավային համախտանիշ- ոչ բորբոքային

 

Հիվանդներըի մոտ այն ընթանում է անախտանիշ: Ախտորոշվում է շագանակագեղձի բիոփսիաների և լաբորատոր քննությունների ժամանակ (մեզ, սերմնահեղուկ, շագանակագեղձի արտազատուկ): Շատ կարևոր է հիվանդության ճիշտ ախտորոշումը, քանի որ պրոստատիտի տարբեր տեսակների, ինչպես նաև միզուկաբորբի, ցիստիտի, շագանակագեղձի գերաճի և շագանակագեղձի քաղցկեղի բուժումը տարբեր է: Ուղիղաղիքային մատնային քննության միջոցով բժիշկը պարզում է գեղձի ցավոտության, մեծության և լարվածության աստիճանը: Քաղցկեղի կասկածի դեպքում անհրաժեշտ է կատարել ՊՍԱ քննություն, տրանսռեկտալ սոնոգրաֆիա և, անհրաժեշտության դեպքում, շագանակագեղձի բիոփսիա:

 

Պրոստատիտի ախտորոշման համար կատարվում է շագանակագեղձի արտազատուքի, մեզի, միզուկի քսուքի, ինչպես նաև որոշ դեպքերում` սեռավարակների լաբորատոր քննություններ: Կատարվում է նաև ուրոֆլոմետրիա, երբեմն նաև` ցիսոսկոպիա: Բուժման համար օգտագործվում է հակաբակտերիալ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, ալֆա պաշարիչներ, ֆիտոթերապիա, շագանակագեղձի մերսում, ֆիզիոթերապիա և այլն…: