Բակտերիալ վագինոզը տղամարդկանց մոտ։ Հնարավո՞ր է։ (Bacterial vaginosis in males)

2021/02/04

Երբեմն տղամարդիկ կարող են գրավիչ թիրախ դառնալ կանանց մոտ ախտաբանություն առաջացնող տարբեր մանրէների համար (Gardnerella Vaginalis, lactobacilli): Այս մանրեները «լավ են զգում» միզուկում և առնանդամի լորձաթաղանթի վրա: Նրանք այնտեղ հայտնվում են բակտերիալ վագինոզով տառապող կնոջ հետ սեռական կապի ընթացքում: Այդ մանրէները հաստատվելով նոր միջավայրում, ակտիվորեն բազմանում են և նույնիսկ փոխանցվում սեռական հարաբերության միջոցով։

Այսպիսով, տղամարդիկ կարող են այդ վարակների և՛ կրողներ, և՛ տարածողներ դառնալ: Ժամանակի ընթացքում վերոնշյալ մանրէները տղամարդու մոտ կարող են առաջացնել նաև միզուկի բորբոքում (ուրետրիտ)։ Վերջինս բավականին տարածված հիվանդություն է տղամարդկանց շրջանում և շատ հաճախ անհայտ է նրա առաջացման պատճառը։ Իսկ բակտերիալ վագինոզը տղամարդու ուրետրիտի հենց չբացահայտված պատճառներից մեկն է:

Տղամարդկանց ուրետրիտի կլինիկական ախտանշանները նման են կանանց մոտ բակտերիալ վագինոզին։ Այդ ախտանշաններն են՝ արտադրություն, այրող և ցավոտ միզարձակություն, արյունամիզություն, քոր ևայլն։

Բակտերիալ վագինոզը հաճախ կարող է անցնել ինքնուրույն՝ առանց միջամտության: Վագինոզը հիմնականում բուժվում է հակաբիոտիկներով և պրոբիոտիկներով։

Վարակի ախտադարձի (հիվանդության կրկնություն) կարևոր պատճառներից է չբուժված սեռական զուգընկերը։ Հետևաբար, բակտերիալ վագինոզի ժամանակ պետք է օգտագործել պահպանակ և խուսափել ազատ սեռական կապից։ Ախտադարձի դեպքում պետք ուշադրություն դարձնել տղամարդ զուգընկերոջ հետազոտության և բուժման խնդիրներին։