Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո

2018/07/26

Որոշ ուրոլոգիական վիրահատություններից հետո (կոնքի օրգանների վիրահատություններ՝ հատկապես շագանակագեղձ, միզապարկ և հաստ աղիք) տղամարդու մոտ կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) կամ սեռական այլ խանգարումներ։

ԷԴ կարող է առաջանալ հատկապես շագանակագեղձի արմատական հեռացումից հետո: Վիրահատության այս տեսակն իրականացվում է շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, և հիվանդների միայն 5 տոկոսի մոտ այն կարող է վերականգնվել շաբաթների ընթացքում, իսկ 40-50 տոկոսի մոտ` վեց ամիս անց:

Ուստի, խորհուրդ է տրվում դեղորայքային բուժում կատարել վիրահատությունից առաջ և հետո:

Կարող են առաջանալ նաև այլ խանգարումներ։ Օրինակ, էրեկցիայի և նույնիսկ սերմնաժայթքման բացակայությամբ՝ օրգազմի առկայություն։ Երբեմն հիվանդն ունենում է մեզի արտահոսք սեռական հարաբերության ժամանակ: Վերոնշյալ գանգատները բերում են հիվանդի մոտ հոգեբանական լարվածության և օրգանական խնդիրների բարդացման։


Սեռական ֆունկցիայի վրա կարող է ազդել նաև շագանակագեղձի ներմիզուկային մասնատումը՝ ՏՈՒՌ վիրահատությունը։ Այս վիրահատությունն իրականացվում է շագանակագեղձի ադենոմաների ժամանակ և համարվում է համեմատաբար ապահով վիրահատություն: Բայց հնարավոր է հիվանդների 10-14 տոկոսի մոտ զարգանա էրեկտիլ դիսֆունկցիա կամ սեռական կարողության խանգարում: Վիրահատված հիվանդների 85 տոկոսի մոտ կարող է առաջանալ սերմնաժայթքման խանգարումներ. հետադարձ սերմնաժայթքում, երբ հիվանդն ունենում է օրգազմ՝ առանց սերմնաժայթքման։

Միզապարկի արմատական հեռացման ժամանակ, սովորաբար, հեռացվում է նաև շագանակագեղձը: Այս առումով վիրահատությունների նմանություն կա: Ամեն դեպքում, միզապարկի քաղցկեղի ժամանակ կիրառված քիմիաթերապիան իրական ազդեցություն չի ունենում այս խնդրի վրա:

Միզապարկի հեռացումը կանանց մոտ կարող է ազդել սեռական ֆունկցիայի վրա: Կնոջ մոտ թուլանում են սեռական գրգիռները: Նրանց մոտ զարգանում է ցավային համախտանիշ: Այսինքն՝ ցավոտ սեռական հարաբերություն կարող է լինել: Եվ այս բոլորը կարող են ազդել կյանք որակի վրա:

 

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ