Անհավատարմության պատճառները

2022/03/10

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար, անհավատարիմ ամուսիններին այլևս չեն վստահում, և հարաբերությունները հարցականի տակ են դնում։

 

Անհավատարմության պատճառները բազմաթիվ են։ Դրանց թվին են պատկանում ամուսնական լարված փոխհարաբերությունները, երեխաների  հետ կապված խնդիրները, սոցիալական բարքերը և այլն։ Այսպիսով, հարաբերության, մտերմության և ինքնհաստատման իրենց կարիքները բավարարելու համար, զույգերը հաճախ այլ զուգընկեր գտնելու որոնումների մեջ են: Միաժամանակ, շատ հաճախ այդ մարդիկ հուզական և առողջ հարաբերությունների մեջ են իրենց սիրելի կողակիցների հետ, և չեն ցանկանում բաժանվել կամ նրանց ցավ պատճառել:

 

Իրականում ո՞րոնք են փոխադարձ սիրո և կախվածության պարագայում անհավատարմության իսկական դրդապատճառները։

 

Ինքնաբացահայտում

 

Ոմանց  համար անհավատարմությունը սեփական անձն ու ինքնությունը բացահայտելու միջոց է: Անհավատարմությունը այլ անձի որոնում չէ, այլ սեփական «թաքնված» տարբերակի բացահայտում: Դա միջոց է խորանալու սեփական մտքերի, զգացմունքների, վարքագծի, ցանկությունների և երազանքների մեջ, նաև հասկանալու բազմաթիվ հարցերի պատասխաններ ու բարելավելու ինքնագնահատականը, հաղորդակցությունն ու փոխհարաբերությունները։  

 

Անապահովություն

 

Երբեմն մարդիկ չեն գիտակցում կամ զգում իրենց գեղեցկությունը, գրավչությունը, ուժը, խելացությունը, երիտասարդությունը կամ սեքսուալությունը, հետևաբար, անհավատարմության միջոցով փորձում են բարձրացնել իրենց ինքնագնահատականը և հաստատել իրենց արժանիքները։ Դա նրանց համար ցանկալի և արժանի զգալու միջոց է:

 

Արգելվածի քաղցրությունը

 

«Արգելված պտուղը քաղցր է»։ Անհավատարմության դեպքում ևս, արգելված լինելու հանգամանքը այն դարձնում է յուրահատուկ և ցանկալի:

 

Վաղ մանկական տրավմաներ

 

Երբեմն անհավատարմության հիմքում վաղ մանկական հասակում մարդու հոգեբանական և սեռական տրավմաներն են։ Մանկության «վերքերը»՝ անտեսումը, էմոցիոնալ, ֆիզիկական և սեռական բնույթի բռնությունները ստեղծում են կապվածության դեֆիցիտ, որը դրսևորվում են անհավատարմության միջոցով:

 

Չապրած կյանքը

 

Երբեմն անհավատարմության պատճառը ներկա կյանքից դժգոհությունն ու «չապրած» կյանքն է։ Հետևաբար, մարդն ուզում է անել այն, ինչ ցանկացել է վաղուց, և դրա համար ընտրում է նոր և հետաքրքիր «ճանապարհ»։

 

Անիրատեսական ակնկալիքներ

 

Որոշ մարդկանց անհավատարմությունը պայմանավորված է իրենց հիմնական զուգընկերոջ հետ չիրականացված ակնկալիքներով։ Այդ մարդիկ կարծում են, որ իրենց զուգընկերը պետք է բավարարի նրանց յուրաքանչյուր կարիքը կամ ցանկությունը։ Քանի որ դա անհնարին է, ապա մնում է ձեռք բերել նոր զուգընկեր և իրականացնել «անիրաականանալին»։

 

Նոր զգացմունքների ցանկություն

 

Երբ ամուսնական հարաբերությունները տևական ժամանակով գտնվում են «հարմարավետության գոտում», զույգերը ձգտում են ձևավորել նոր հարաբերություններ, որոնք ավելի ինտենսիվ, տրամադրող ու տարբեր են։

 

Եսասիրություն

 

Չնայած իրենց զուգընկերների կողմից ունեցած սիրո ու գուրգուրանքին, երբեմն մարդիկ համարում են, որ իրենք ավելիին են արժանի։ Այդ մարդիկ իրենց հավատարմության երդումը համարում են «զոհաբերություն», և ամեն գնով փորձում են նոր հարաբերությունների միջոցով իրենց եսը բավարարել։

 

Ամեն դեպքում, ինչ էլ լինի, անհավատարմության պատճառը զույգերի հարաբերությունների վախճանը չէ: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ զույգերն ունեն կայուն և զգացական հարաբերություններ։ Երբեմն, նույնիսկ, անհավատարմության էպիզոդն ավելի լավ անդրադարձ է ունենում զույգերի հարաբերությունների որակի վրա: Իհարկե, միայն այն դեպքում, երբ զույգը ցանկանա հաղթահարել անհավատարմության հետևանքով առաջացած  դժվարությունը, սահմանել հարաբերությունների նոր կանոններ, վերականգնել վստահությունը և հաստատել հուզական մտերմություն․․․