Սեքսուալ անհամապատասխանություն (Sexual desire discrepancy)

2017/07/03

Սեքսուալ անհամապատասխանությունը զույգերի միջև ինտիմ հարաբերությունների խանգարումն է, որն արտահայտվում է սեքսուալ պահանջմունքների անկման և կողակցի հանդեպ ինտիմ ցանկության բացակայության տեսքով: Այսպիսի անհամապատասխանությունը կարող է արտահայտվել նաև կանանց մոտ` սեռական ցանկության իսպառ բացակայությամբ: Այս երևույթի առաջացման հիմնական պատճառներից է զույգերի անձնային կամ ֆիզիկական անհամապատասխանությունը:

 

Անձնային անհամապատասխանությունն արտահայտվում է այն դեպքում, երբ զույգերի մոտ առկա են անհատական հակասություններ: Անձնային համապատասխանության վրա մեծ ազդեցություն ունի զույգի զարգացվածության մակարդակը, կրթությունը, ինչպես նաև նյութական, ինտելեկտուալ և մշակութային պահանջները, արժեքներն ու դիրքորոշումները:

 

Անհատական անհամապատասխանությունը բնութագրվում է զույգերի մոտ հույզերը կիսելու անկարողությամբ, կողակցի թերարժևորմամբ: Զույգերի միմյանցից օտարումը կարող է բերել նոր «նախասիրությունների», դավաճանության և վնասակար սովորությունների առաջացմանը: Բացասական հույզերը, ատելությունը, վախը կամ անտարբերությունը կողակցի նկատմամբ խոչընդոտում են ինտիմ հարաբերությունների ժամանակ կողակցին ամբողջապես վստահսկելուն և սեքսուալ հույզերին տրվելուն:

 

Սակայն, երբեմն սեքսուալ անհապատասխանությունն առաջանում է անգամ ներդաշնակ հարաբերություններում: Այսպիսի անհամապատասխանությունը, թերևս, առավել դժվար հաղթահարելի է: Նման դեպքերում զույգերը սիրում են միմյանց անձնային հատկանիշների համար, սակայն, միևնույն ժամանակ, չեն կարողանում հաճույք ստանալ ինտիմ հարաբերություններից: Իրենց հերթին զույգերի խնդրահարույց միջանձնային հարաբերություններն ի սկզբանե կարող են զուգակցվել նորմալ սեքսուալ հարաբերություններով, սակայն ժամանակի ընթացքում սեքսուալ հարաբերությունների կոնֆլիկտային ֆոնը հանգեցնում է սեքսուալ ակտիվության անկմանը և բացասաբար է անդրադառնում զույգերի սեռական կյանքի վրա:

 

Սեքսուալ անհամապատասխանությունը կարող է տարբեր սոմատիկ հիվանդությունների և սեռական ֆունկցիաների խանգարման հետևանք լինել, ինչպես տղամարդկանց մոտ` վաղաժամ սերմնաժայթքումն  ու սեռական դիսֆունկցիան, այնպես էլ կանանց մոտ՝ վագինիզմն ու ֆրիգիդությունը: Սեքսուալ խնդիրների լուծման հետաձգումը կարող է առաջացնել նյարդահոգեբանական տարբեր ախտանիշներ և միզասեռական համակարգի բորբոքումներ։ Այդ իսկ պատճառով սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման համար չափազանց կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը և բուժումը:

 

Որոշ դեպքորում սեքսուալ անհամապատասխանությունը պայմանավորված է զույգերի խառնվածքների, սեքսուալ կյանքի նորմերի, ինտիմ հարաբերությունների, պահանջմունքների վերաբերյալ հայացքների անհաջող համադրությամբ , ինչպես նաև զույգերի հոգեբանական տարբերություններով: Ոչ պակաս կարևոր է նաև կողակցի արտաքին տեսքը, միմիկան, վարքը, որոնք հաճախ սեքսուալ գրավչության անկման պատճառ կարող են դառնալ:

 

Զույգի մոտ առկա սեքսուալ խնդիրների կարևորությունը զգալիորեն փոքրանում է ճիշտ սեքսուալ վարքի և հոգեբանական համապատասխանության դեպքում: Փոխադարձ սերն ու փոխհասկացությունը միջանձնային և սեքսուալ անհամապատասխանության կանխարգելման կարևորագույն գործոններն են: Կարծիք կա, որ փոխադարձ զգացմունքների բացակայությունը կարող է լրացվել համապատասխան տեխնիկական հնարների օգնությամբ: Այնուամենայնիվ, անհնար է զույգի սեքսուալ կյանքը լիարժեք դարձնել առանց մտերմիկ հեգեբանական կապի, փոխադարձ սիրո և հարգանքի:

 

Այսպիսի սեքսուալ խանգարումները սեքսուալ շեղման նախնական ձև են, որոնց կանխարգելման համար պետք է կատարել՝ սեքսոլոգիական և հոգեբանական խորհրդատվություններ, կորեկցիոն աշխատանքներ և ընտանեկան թերապիաներ:

 

Վերոնշյալը փաստում է սեքսուալ անհամապատասխանության ազդեցության կարևորությունը հարաբերությունների զարգացման վրա, իսկ զույգի գիտակցված մոտեցումը առկա խնդրին կարող է նրանց հաղթահարման ամենակարևոր գործոնը լինել: