7 փաստ տեստոստերոնի մասին

2020/06/25

Արական սեռական հորմոնը կարևոր դեր ունի մարդու օրգանիզմում. վերահսկում է հենաշարժիչ համակարգի աշխատանքը, տղամարդու վերարտադրողական համակարգի զարգացումն ու գործունեությունը:  Հասունացման շրջանում այն պատասխանատու է տղաների մոտ երկրորդային սեռական նշանների զարգացման համար: Քիչ քանակությամբ տեստոստերոն առկա է նաև կանանց մոտ՝ հորմոնային ֆոնի ապահովման համար:

Ծանոթացեք տեստոստերոնի մասին հետաքրքիր փաստերի հետ՝ օրգանիզմի համար տվյալ անդրոգենի կարևորությունը հասկանալու համար:

Փաստ 1. միայն տեստոստերոնը չի ազդում լիբիդոյի վրա

Ընդունված է համարել, որ միայն տեստոստերոնն է ազդում տղամարդու սեքսուալության վրա: Սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ լիբիդոն պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ներառյալ առողջական վիճակը, սթրեսները, վնասակար սովորությունները, հոգեբանական խնդիրները, սննդակարգը, զվարճանքի տեսակները:

 

Փաստ 2. տեստոստերոնն ազդում է վարքի վրա

Տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում տղամարդիկ դառնում են ավելի ագրեսիվ, հակված են կոնֆլիկտների, այլոց նկատմամբ բռնի գործողություններ են կիրառում: Կանանց մոտ, հակառակը, այս հորմոնի անբավարարությունն է բերում նման վարքագծի և վատ տրամադրության: Չափազանց ցածր քանակությունն ուժեղացնում է խորամանկությունը, մտքի ճկունությունը, ժլատությունը:

Փաստ 3. տեստոստերոնը նպաստում է երկարակեցությանը

Կորեացի գիտնականները պարզել են, որ տեստոստերոնի նորմալ մակարդակի դեպքում մարդիկ ավելի երկար են ապրում, քան այդ հորմոնի անբավարարության դեպքում: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի տևողությունն ավելանում է միջինը 14 տարով:


Ընդ որում, արյան մեջ տեստոստերոնի մակարդակն ուղղակիորեն կապված չէ տարիքի և համապատասխան փոփոխությունների հետ: Այն ազդում է քրոնիկական հիվանդությունների զարգացման վրա, հատկապես շաքարային դիաբետի, ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

Փաստ 4. տեստոստերոնը չի ազդում ճաղատության վրա

Ալոպեցիան հիմնականում պայմանավորված է ժառանգական խնդիրներով, այլ ոչ տեստոստերոնի բացակայությամբ: Ճաղատության առաջացումը կապված է այն գենի հետ, որը որոշում է տեստոստերոնի արտադրության ինտենսիվությունը: Երբեմն դա տեղի է ունենում հիվանդությունների, սթրեսների, ոչ ճիշտ սնուցման, որոշ դեղորայքի ընդունման ժամանակ:

Փաստ 5. տեստոստերոնն ազդում է բեղմնավորման վրա

Տղամարդու վերարտադրողական համակարգի կարգավորումն ուղղակիորեն կապված է տեստոստերոնի հետ: Վերջինիս ինտենսիվ արտադրությունը բեղմնավորման հնարավորություն է տալիս:  Սակայն դա չի նշանակում, որ հորմոնի բարձր մակարդակը թույլ կտա ակնթարթորեն հայր դառնալ: Սովորաբար, ամեն ինչ հակառակն է տեղի ունենում: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ տեստոստերոնի ցածր մակարդակով տղամարդիկ են լավագույն հայրեր դառնում:  

Փաստ 6. ամուսնությունն ազդում է տեստոստերոնի վրա

Եվս մեկ հետաքրքիր հետազոտություն ցույց է տվել, որ ամուսնացած տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը ցածր է: Վերջինիս քանակի վրա ազդում է բազմակնությունը: Մի քանի կին ունեցողների մոտ արական հորմոնի խտությունն արյան մեջ որոշակիորեն ցածր է:

Փաստ 7. տեստոստերոնը որպես դեղ ոչ բոլորին կարելի է նշանակել

Տեստոստերոն չի կարելի ընդունել ծանր հորմոնային խանգարումների, ուռուցքային հիվանդությունների ժամանակ: Այն որպես դեղ կարող է նշանակել միայն բժիշկը, չնայած որոշ մարզիկներ ընդունում են մկանների աճի համար: Էրեկտիլ ֆունկցիայի խանգարումները տեստոստերոնով բուժելը նույնպես սխալ է: Նպատակահարմար է հետազոտվել և բուժվել մասնագետի մոտ: