Սեռական հերպես (Genital Herpes)
Սեռական օրգանների հերպեսային ախտահարման հարուցիչը հասարակ հերպես վիրուսն է (ՀՀՎ): Գոյություն ունի հերպես վիրուսի երկու տեսակ՝ տիպ 1-ը առավելապես ախտահարում է մաշկը և շրթունքների, աչքի, քթի լորձաթաղանթները, տիպ 2-ը՝ սեռական օրգանների լորձաթաղանթը: Սակայն սեռական օրգանների հերպեսի զարգացումը հնարավոր է ՀՀՎ-1 և ՀՀՎ-2 վարակների խառը ազդեցության դեպքում:
Փոխանցման ուղիները
- Սեռական հերպեսը փոխանցվում է սեռական ճանապարհով, ընդ որում, վարակի աղբյուրը կարող են լինել ո՛չ միայն արտահայտված դրսևորումներով հիվանդները, այլ նաև հասարակ հերպեսի վիրուսակիրները:
- Վարակումը հնարավոր է օրալ սեռական շփման ժամանակ:
- Ինքնավարակում (երբ հիվանդն ինքն է վիրուսը վարակի օջախից տեղափոխում մարմնի չախտահարված մասեր, օրինակ. դեմքից` սեռական օրգաններ):
- Փոխանցման ուղղահայաց ուղին հնարավոր է, երբ երեխան վարակվում է մորից հղիության (պտղի ներարգանդային վարակում) կամ ծննդաբերության ժամանակ:
- Վարակի փոխանցման կենցաղային ուղին հանդիպում է չափազանց հազվադեպ և լիովին բացառվում է, եթե վիրուս պարունակող արտադրությունը չորանում է:
Տղամարդկանց մոտ վարակի հիմնական պահոցը (ռեզերվուար) միզասեռական ուղին է, կանանց մոտ` արգանդի վզիկը:
Հիվանդության ընթացքը
Հերպեսի վիրուսով վարակումը ոչ միշտ է բերում հիվանդության դրսևորման, հաճախ լինում է վիրուսակրություն և անախտանիշ (գաղտնի) ընթացք: Այս դեպքում մարդիկ, չիմանալով իրենց մոտ վիրուսային հիվանդության առկայության մասին, դառնում են վարակի աղբյուր իրենց սեռական զուգընկերոջ համար: Հերպեսային վարակի բնորոշ գիծն օրգանիզմում այդ վիրուսի մնալու երկարատևությունն է (կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում) և սրացումների հակվածությունը: Սրացումների առաջացմանը նպաստում են գերսառեցումը, սթրեսները, գերհոգնածությունը, այլ վարակիչ հիվանդությունները, գրիպը, անգինան, ՍՌՎՎ-ն:
Հիվանդության ընդհանուր դրսևորումներն են` ջերմության բարձրացումը, գլխացավը, մկանային ցավերը, սրտխառնոցը:
Տեղային դրսևորումներն առաջանում են ամոթույքի, հեշտոցի, արգանդի վզիկի, միզատար խողովակի շրջանում: Բնորոշ է համարվում հեղուկով լցված բազմաթիվ մանր բշտիկների առաջացումն ախտահարված տեղամասի կարմրածության և այտուցվածության ֆոնին: Հետագայում բշտիկները պայթում են և նրանց տեղում խոցեր են առաջանում, որոնք ապաքինվում են 2-4 շաբաթվա ընթացքում: Բշտիկների ցանավորմանը և խոցերի առաջացմանն ուղեկցում են քորը, ցավը, այրոցը, ծանրության զգացումը որովայնի ստորին հատվածում:
Հերպետիկ վարակի ախտորոշումը հիմնված է հիվանդների արյան մեջ, ախտահարված հատվածի քսուկում վիրուսի և նրա հակամարմինների հայտնաբերման վրա:
Բուժումը երկարատև է և ուղղված է օրգանիզմում վիրուսի բազմացման արգելակմանն ու օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացմանը: Անմիջականորեն վիրուսի վրա ազդող միջոցներ դեռևս չեն հայտնաբերվել: Կիրառվում են ացիկլովիր, վիրոլեքս, նեովիր, ալպիզարին, սպեցիֆիկ հակահերպետիկ իմունոգլոբուլին: Տեղային բուժման նպատակով քսուկների կիրառմամբ կարելի է կրճատել ախտահարված օրգանների վրա խոցերի ապաքինման շրջանը: Այդ նպատակով կիրառվում են ալպիզարին, բոնաֆտոն, օքսոլին և զովիրաքս:
Իմունիտետի բարձրացման նպատակով կիրառվում են տարբեր իմունախթանիչներ, վիտամինների և հանքանյութերի կոմպլեքսներ, ինչպես նաև ինտերֆերոն (գենֆերոն և այլ), որոնք, բացի իմունիտետի խթանումից, ունեն նաև հակամանրէային ազդեցություն: Ամիքսինն իմունակարգավորիչ ակտիվության շնորհիվ կիրառվում է հերպեսի բուժման նպատակով հիվանդության դրսևորման ցանկացած շրջանում:
Սեռական հերպեսի ռեցիդիվների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում մի քանի ամիս ացիկլովիրի ընդունում:
Հղիության ժամանակ հերպես վիրուսի առաջացրած բարդություններն են.
- սովորույթային կրելախախտ և վաղաժամ ծննդաբերություն,
- պտղի մոտ արատի զարգացում,
- պտղի ներարգանդային վարակում: