Կանանց թլփատում (Female Circumcision)

2017/07/03

Կանանց թլփատումը վիրահատական միջամտություն է, որը նպատակ ունի ոչ բժշկական պատճառներով փոփոխել կամ վնասել կնոջ սեռական օրգանները: Սովորաբար, մինչև 15 տարեկան աղջիկներն են ենթարկվում նման վիրահատության: Սա ոչ կամավոր և ստիպողական գործողություն է, որը թողնում է մի շարք բացասական հետևանքներ կնոջ հետագա առողջական վիճակի վրա: Այս երևույթը քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազամկերպութունների կողմից:

 

Պատճառները

 

Կանանց թլփատման պատճառները բազմազան են, սակայն մեծ մասը կապված է մշակութային և սոցիալական բարքերի հետ: Սա մեկնաբանվում է որպես.

 

  • կանանց և աղջիկներին անբարո վարքից հետ պահելու միջոց,
  • կնոջ սեռական ցանկությունը և լիբիդոն կորցնելու միջոց,
  • ապահովում է կնոջ ամուսնական հավատարմությունը,
  • կանխում է կնոջ արտաամուսնական սեռական գայթակղությունները,
  • ապահովում է կնոջ անաղարտությունը՝ հեռացնելով նրա «ոչ մաքուր սեռական օրգանները»:

 

Կանանց թլփատման տեսակները

 

Գոյություն ունի կանանց թլփատման չորս տեսակ.

 

  1. ծլիկի մասնակի կամ ամբողջական հեռացում,
  2. ծլիկի և ամոթաշուրթերի հեռացում,
  3. ինֆիբուլյացիա կամ փարավոնյան թլպատում, որի դեպքում հեռացվում են միայն մեծ կամ միայն փոքր ամոթաշուրթերը,
  4. սեռական օրգանները խեղող վիրաբուժական միջամտություններ (ծակել, այրել, թակել, հատել․ և այլն):

 

Ինչպե՞ս է կանանց թլփատումն ազդում առողջության վրա

 

Կանանց թլփատումն ունի բազմաթիվ ռիսկեր և կարող է անգամ մահվան ելքով ավարտվել, քանի որ հնարավոր է ուժեղ արյունահոսություն, ցավեր, վարակներ` ներառյալ գանգրենան և արյան ճանապարհով փոխանցվող վարակները (հեպատիտ B և C, ՄԻԱՎ): Երբեմն թլփատումն ազդում է միզարձակման վրա, երբ վնասվում է միզուկը:

 

Թլփատման հեռակա բարդություններից են.

 

  • քրոնիկ հեշտոցային ցավեր,
  • միզարձակման խանգարումներ և միզուղիների վարակներ,
  • երիկամային անբավարարություն,
  • վերարտադրողական համակարգի խանգարում և անպտղություն,
  • հղիության ընթացքում բարդություններ և նորածինների մահացության բարձր ռիսկ,
  • կիստաներ,
  • սեռական ակտի ժամանակ հաճախակի ցավեր և հաճույքի բացակայություն,
  • ցածր լիբիդո,
  • դեպրեսիա և տագնապային զգացողություններ:

 

Որտե՞ղ է կիրառվում կանանց թլփատումը

 

ՄԱԿ-ի տվյալներով` աշխարհում 200 միլիոն թլփատված կանանց մեծամասնությունն ապրում են Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի 30 երկրներում: Չնայած կանանց թլփատման տարածվածությանը մուսուլմանական երկներում, այն կապված չէ միայն այս դավանանքի հետ։ Թեպետ որոշ ծայրահեղականներ պնդում են, որ իսլամը պարտադրում է կանանց թլփատումը, միևնույն է, այս խեղող միջամտությունն ունի ավելի հին արմատներ,  և հանդիասնում է մշակութային ավանդույթ կամ ծիսակարգ աշխարհի բազմաթիվ հետամնաց երկրներում։