Անկողնում խնդիրները կապված են սրտի հետ. էրեկտիլ դիսֆունկցիա և ինֆարկտ

2018/11/14

Էրեկտիլ դիսֆունկցիան  (ԷԴ) կարող է սիրտ-անոթային հիվանդության, ինֆարկտի և ինսուլտի նախանշան լինել: Անկողնում պարբերաբար ձախողող տղամարդիկ պետք է  սրտաբանի մոտ բազմակողմանի հետազոտություն անցնեն: Այդպիսիք են ՛՛Անոթային բժշկություն՛՛ պարբերականում հրապարակված  հետազոտության արդյունքները: Ամերիկացի գիտնականների կարծիքով էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց մոտ սովորաբար հայտնաբերվում են  սիրտ-անոթային հիվանդության այլ վաղ մարկերներ: Հիշեցնենք, որ ԷԴ-ն սահմանվում է  որպես լիարժեք սեռական հարաբերության համար էրեկցիայի հասնելու  և այն պահպանելու անկարողություն:  Մոտավոր հաշվարկներով, երկրագնդի 10 տղամարդուց 1-ի մոտ նկատվում է պոտենցիայի խնդիր, 75 տարեկանից հետո՝ 4 տղամարդուց 3-ի մոտ:  
Էրեկտիլ դիսֆունկցիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր.

  • ԷԴ-ով տառապում է շաքարային դիաբետով տղամարդկանց մոտ 50%-ը,
  • օրական մեկ տուփ ծխախոտը կրկնապատկում է սեռական հարաբերության խնդիր ունենալու ռիսկը,
  • ավելի քան 20 մլն. մարդ պարբերաբար ընդունում է վիագրա,
  • աշխարհում բոլոր ամուսնալուծությունների 20%-ի պատճառը համարվում է իմպոտենտությունը,
  • էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց միայն 30%-ն է դիմում օգնության,
  • էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառների 15%-ը հոգեբանական է:  

Զարմանալի չէ, որ ԷԴ-ը բացասաբար է ազդում տղամարդկանց հոգեհուզական վիճակի վրա. ցածր ինքնագնահատական, տագնապ, դեպրեսիա: Անկողնում անկարողությունը,  որպես կանոն, ուղեկցվում է կյանքի որակի սարսափելի իջեցմամբ:

Սակայն բժիշկներն ավելի հաճախ են պոտենցիան դիտարկում որպես անոթների առողջության ցուցանիշ:  

Հետազոտությունները վկայում են, որ էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդիկ ունեն սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) զարգացման ռիսկ:  Այս հասկացության տակ գիտնականները ենթադրում են  պսակային զարկերակներն ախտահարող ցանկացած ախտաբանություն:

Ճիշտ է, մինչև վերջերս էրեկտիլ դիսֆունկցիայի և ՍԱՀ–ի  առանց բնորոշ ախտանիշների ընթացող ենթակլինիկական ձևերի միջև կապը անհասկանալի էր:  ԱՄՆ-ի Մայամի-Դեյդ նահանգի սրտաբան Չուկվուեմեկա Օսոնդուն (Chukwuemeka Osondu) գրում է, «Մասնավորապես անհասկանալի էր, թե ենթակլինիկական ՍԱՀ-ի որ մարկերներն են շատ կամ քիչ կապված էրեկտիլ դիսֆունկցիայի հետ»:

Առաջին հերթին վնասվում է անոթների էնդոթելը

Բժիշկ Օսոնդուի խումբն իրականացրել է 28 հետազոտության համակարգային դիտարկում և մետաանալիզ, որոնցում ուսումնասիրվել է էրեկտիլ դիսֆունկցիայի  և սրտային հիվանդությունների վաղ ախտանիշների միջև եղած կապը:

Գլխավոր բացահայտումն այն էր, որ տղամարդկանց սեռական կյանքի խնդիրները հաճախ վկայում էին անոթների էնդոթելի (ներքին շերտի) վատ վիճակի մասին: Դա աթերոսկլերոզի առաջին նշանն է: Բացի այդ, հետազոտողները հայտնաբերեցին, որ ԷԴ-ն զուգակցվում է կարոտիդային ինտիմայի միջին հաստության աճով, որը նույնպես հանդիսանում է աթերոսկլերոզի վաղ ախտանիշ:

«Մեր արդյունքներն անփոփոխ մնացին նույնիսկ երբ վերլուծության մեջ ներառվեցին տարիքը, հետազոտության մեթոդաբանությունը, ԷԴ-ի գնահատման եղանակները և հրապարակման ժամանակահատվածը»,-նշում են հեղինակները:

Այլ կերպ ասած առաջինը վնասվում են անոթները: Սեռական կյանքի խնդիրները կարող են ահազանգել արյունատար զարկերակներում  վաղ փոփոխությունների մասին, որոնք արդեն վաղը կամ էլ մի քանի տարի հետո կդրսևորվեն ինֆարկտի, ինսուլտի կամ այլ լուրջ բարդության ձևով:

Էրեկտիլ դիսֆունկցիան ինֆարկտի ռիսկի գործոն է  և հետազոտման նպատակով բժշկին դիմելու լուրջ առիթ: