Ինչպիս՞ի ազդեցություն ունի հեծանիվ վարելը շագանակագեղձի վրա

2022/01/27

Թեև հեծանիվ վարելու և շագանակագեղձի հիվանդությունների պատճառահետևանքային կապի գոյության մասին տվյալները հավաստի չեն, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք վկայում են հեծանիվ վարելու հետևանքով շագանակագեղձի վնասվածքի մասին, ինչն իր հերթին հանգեցնում է շագանակագեղձի բորբոքման և կոնքի ցավային համախտանիշի առաջացման։

 

Մեկ այլ աշխատության տվյալներով հետազոտողները կապ չեն գտել՝ տղամարդկանց հեծանիվ վարելու և էրեկտիլ դիսֆունկցիայի, անպտղության կամ շագանակագեղձի քաղցկեղի միջև։ Այնուամենայնիվ, այլ տվյալներ վկայում են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման բարձր ռիսկի մասին՝ 50 տարեկանն անց և շաբաթական 8,5 ժամից ավելի հեծանիվ վարող տղամարդկանց մոտ։ Հեղինակները քաղցկեղի այսպիսի բարձր ռիսկայնությունը պայմանավորել են հեծանիվ և առողջ ապրելակերպ սիրող տղամարդկանց մոտ առողջության վարքագծով (կանոնավոր ստուգումներ, իրազեկության բարձր մակարդակ, բժշկի դիմելու սովորություն և այլն)։

 

Հեծանիվ վարելը կարող է նաև մի շարք լաբորատոր շեղումների պատճառ լինել, ինչպիսիք են ՊՍԱ մակարդակի բարձրացումը,  արյունամիզությունը, պրոստատիտը և այլն։ Թեև հեծանիվ վարելը ուղղակիորեն կապված չէ շագանակագեղձի խնդիրների առաջացման հետ, սակայն կարևոր է հատկապես ուշադրություն դարձնել նրա հնարավոր ազդեցությանը ՊՍԱ-ի վրա: Վերջինս օնկոմարկեր է։ Կարևոր է նաև, որ տղամարդիկ ժամանակավորապես հրաժարվեն հեծանիվ վարելուց՝ պրոստատիտի կամ կոնքի քրոնիկ ցավի համախտանիշի ժամանակ։

 

Հեծանվի պատճառած խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շեքին պատճառած ճնշումը նվազեցնել մի շարք եղանակներով՝ ոտնակների վրա երկար կանգնել, բարձիկով նստատեղ կամ ակոսավոր թամբ ընտրել և այլն:

 

Ամփոփելով՝

 

  1. Ինտենսիվ հեծանվի վարումը կարող է բարձրացնել շագանակագեղձի սպեցիֆիկ անտիգենի (PSA) մակարդակն արյան մեջ` 24 ժամվա ընթացքում, ինչը սխալմամբ կարող է քաղցկեղի բարձր ռիսկայնություն տպավորություն ստեղծել:
  2. Կանոնավոր հեծանիվ վարելը չի ազդում պտղաբերության վրա, սակայն ամորձիների երկարատև սեղմումն ու փոշտի ջերմաստիճանի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն թողնել սերմնաբջիջների ակտիվության վրա։
  3. Ակտիվ կյանքն ունի դրական ազդեցություն շագանակագեղձի առողջության և էրեկտիլ ֆունկցիայի վրա։ Հեծանիվ վարելը նույնպես օգտակար է առողջության համար, սակայն այն պետք է համատեղել այլ սպոտաձևերի հետ։
  4. Հեծանվի հետևանքով առաջացած խնդիրների դեպքում պետք է դիմել ուրոլոգիական խորհրդատվության։ Շագանակագեղձի համապարփակ հետազոտությունը, PSA թեստը, սերմի քննությունը կարող են օգնել մարզումների հետ կապված ճիշտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև կանխելու շագանակագեղձի հիվանդությունների առաջացումը։